Ուկրաինայի կառավարության պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Սաուդյան Արաբիա, հանդիպել տեղի ձեռներեցների հետ, կիրակի օրը հայտնել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։
Նրա խոսքով՝ առաջիկա օրերին տասնյակ հանդիպումներ կանցկացվեն՝ նախապատրաստելու նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Սաուդյան Արաբիա։
«Մենք պատրաստվում ենք կարևոր տնտեսական համաձայնագրեր ստորագրել տարածաշրջանի երկրների հետ», - Ֆեյսբուքում գրել է Սվիրիդենկոն։
Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները այս շաբաթ ժամանում են Սաուդյան Արաբիա՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպումը։ Նույնիսկ նշվում է, որ պատվիրակությունների բանակցությունները կարող են կայանալ վաղը՝ փետրվարի 18-ին։ Սպասվում է, որ նախապատրաստական բանակցություններին կարող են միանալ Ուկրաինայի ներկայացուցիչները, թեև Զելենսկին նախօրեին պատասխանելով Սաուդյան Արաբիայում խաղաղ բանակցությունների վերաբերյալ հարցին, ասել է, որ հրավեր չեն ստացել:
Ըստ պլանի՝ Թրամփի և Պուտինի հանդիպումը պետք է կայանա մինչև փետրվարի վերջ։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ուկրաինական կողմի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև շփումներ չկան և չեն էլ նախատեսվում, քանի դեռ պատերազմի ավարտի պլան չի ձևավորվել։
Ուկրաինայի կառավարության աղբյուրը BBC-ին հայտնել է, որ Կիևի պատվիրակությունը հրավիրված չէ Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցություններին:
Բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ու Մերձավոր Արևելքի հարցերով բանակցող Սթիվ Ուիթքոֆը: