Ուկրաինական հարվածներից հրդեհ է բռնկվել Տուապսեի նավթային պահեստի տարածքում, հայտարարել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
Մարզի ղեկավարի խոսքով՝ բենզինի բաքերից մեկն է այրվում, նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։
Mash տելեգրամյան ալիքը գրում է, որ բաքի վրա ԱԹՍ բեկորներ են ընկել։ ASTRA-ն էլ, վկայակոչելով որոշ ականատեսների, չի բացառում, որ հրդեհը հրթիռային հարվածի հետևանք լինի։
Սոչիի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։ Ավելի ուշ Ռոսավիացիան հայտարարեց նաև մերձմոսկովյան «Վնուկովո»-ի և Կալուգայի օդանավակայաներում թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին:
Փետրվարի 26-ին ևս հաղորդվել էր Տուապսեի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ հարվածների մասին։ Որպես թիրախ նշվում էր նաև Տուապսեի նավահանգիստը։