Մատչելիության հղումներ

Ոսկով ու արծաթով հարուստ Քարաբերդում կրկին կրքերը թեժացել էին


Ոսկով ու արծաթով հարուստ Քարաբերդը կրկին աղմկում է։ Մեկ այլ ընկերությանն ավագանու կողմից դրական եզրակացություն տալուց հետո այժմ արդեն «Ասսաթ» ընկերությունն էր եկել գյուղ՝ այստեղ ոսկու հանք շահագործելու իր տասնամյա թույլտվության ժամկետը ևս 9 տարով երկարացնելու համաձայնության համար: Այս անգամ էլ հանրային քննարկումը վեճերով անցավ:

Վարչական ղեկավար Յուրիկ Շավելյանը, որ նախկինում դեմ է եղել «Ասսաթ»-ին, ավելի ուշ փոխել է կարծիքը, հայտարարեց գյուղացիներից մեկը:

Դեռ 2022-ին այս նույն ընկերությունը դարձյալ հանրային լսումների էր եկել Քարաբերդ. այն ժամանակ արտոնագրի ժամկետը երկարացնելու, նաև գործունեությունն ընդլայնելու ծրագրով էին եկել: Բայց գյուղացիներն ու բնապահպաններն թույլ չտվեցին անգամ գյուղապետարանի շենք մտնել: Այսօր 40 նոր աշխատատեղ, երեք տարի առաջ՝ 300-ն էին խոստացել: Բնապահպաններն ու գյուղացիների մի մասն այսօր էլի դեմ են՝ նախկին 10 տարում վնասներից բացի, ասում են, շոշափելի արդյունքներ չեն տեսել:


Չեխական «Ասսաթ ընկերության ներկայացուցիչ Դավիդ Մարասեկը հակադարձում էր բնապահպաներին, թե Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է հանքարդյունաբերությունից:

Փամբակ խոշորացված համայնքի կազմում գտնվող Քարաբերդ գյուղում անցած տարիներին տարբեր ընկերություններ ոսկի արդյունահանելու հավակնություններ են ունեցել, իրար հետևից հանրային քննարկման եկել խոստումներով: «Ասսաթ»-ն էլ արդեն չորրորդ հանրային քննարկումն էր անցկացնում: Այլ ընկերություններ նոր արտոնագիր են փորձել ստանալ, «Ասսաթ»-ը՝ երկարացնել 10 տարվա արտոնագրի ժամկետն ու նոր տարածքներ ընդգրկել: Մերժվել են: Այս անգամ նշում էին, թե նոր տարածքների հարց չեն քննարկում:

Դեռ 2000-ականներին Ասսաթը Քարաբերդում հետազոտել ու հայտնաբերել է 1,6 տոննա ոսկու և 3 տոննա արծաթի պաշարներ։ 2013 թվականին ընկերությունն ստացել է այդ հանքը շահագործելու թույլտվություն և 10 տարի թանկարժեք մետաղներ արդյունահանել բացառապես բաց եղանակով։ Չնայած ընկերության երկրաբան-խորհրդատու Արկադի Մուղսի-Հովեյանի տվյալներով՝ պաշարների չնչին մասն են արդյունահանել անցած տարիներին, բայց լիցենզիայի ժամկետն արդեն սպառվել է։ Այժմ ընկերությունը ցանկանում է նոր թույլտվություն ստանալ՝ մնացած ոսկին ու արծաթն արդյունահանելու համար։

10 տարի բացառապես բաց եղանակով հանքարդյունաբերություն իրականացրած «Ասսաթ»-ը բնակիչներին խոստանում է, որ այսուհետ Քարաբերդի հանքը միայն փակ՝ ստորգետնյա եղանակով են շահագործելու, ինչն ավելի քիչ վնաս է հասցնում շրջակա միջավայրին։ Ընկերության ներկայացուցիչները խոստանում են, որ եղած պաշարները կորզելուց հետո ռեկուլտիվացիա կանեն, կվերացնեն վնասները, կվերականգնեն ինչպես առաջիկա 9 տարում, այնպես էլ նախկինում՝ 10 տարվա ընթացքում խախտված հողերը։ Խոստանում են նաև պարտաճանաչ վճարել հարկերը, իրականացնել սոցիալական ծրագրեր համայնքում և ստեղծել 40 աշխատատեղ։

Բայց բնապահպանները հարցեր ունեին՝ ինչո՞ւ անցած տասնամյա գործունեության ընթացքում այդ աշխատատեղերը չեն ստեղծվել, սոցիալական ծրագրերի ցանկ չկա, ընկերությունը միայն գյուղի երկհարկանի համեստ վարչական շենքն է կառուցել, որտեղ էլ անցկացվում էր հանրային քննարկումը. «Ստորգետնյա շահագործումը ի՞նչ այլ հետևանքներ ունի, պետք է ասել չէ՞ մարդկանց, որ ստորգետնյա շահագործումը ևս իր վնասներն ունի, ու պետք է ասել, թե ինչ վնասներ են դրանք, կարող են լինել հանքախորշերից դուրս եկող չկառավարվող ջրեր, դրանք կարող են լինել աղբյուրները»:

Երկու ամիս առաջ համայնքի ավագանին «Զով-Գուժ» ընկերությանը դրական եզրակացություն է տվել: Եթե նախարարություններում նույնպես դրական եզրակացություն ստանան, ապա «Զով-Գուժ»-ը Փամբակ խոշորացված համայնքի կազմում գտնվող Քարաբերդում ոսկի արդյունահանող երկրորդ ընկերությունը կդառնա՝ չնայած պարբերաբար հնչող դեմ կարծիքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG