Մատչելիության հղումներ

Որտե՞ղ է պատժի մնացած մասը կրելու Ռազգիլդեևը


Դատարանը հրապարակում է Անդրեյ Ռազգիլդեևի վերդիկտը, Գյումրի, 13-ը նոյեմբերի, 2025թ.
Դատարանը հրապարակում է Անդրեյ Ռազգիլդեևի վերդիկտը, Գյումրի, 13-ը նոյեմբերի, 2025թ.

Որտե՞ղ է պատիժը կրելու Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, որն անցած շաբաթ մեղավոր ճանաչվեց գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցնելու համար: Հայաստանյան իրավասու մարմիններն առայժմ խուսափում են այս հարցին պատասխանել. Դատական դեպարտամենտից ասացին՝ հարցն Արդարադատության նախարարության տիրույթում է: Բայց նախարարությունից էլ «Ազատություն»-ը պատասխան չստացավ, միայն փոխանցեցին, թե նման տեղեկություն չեն տրամադրում:

Մահացած կնոջ՝ Ջուլիետա Ղուկասյանի դստեր ներկայացուցիչը՝ փաստաբան Անի Չատինյանն էլ դեռ չգիտի: Ասաց՝ դատական ակտը դեռ չեն ստացել, բայց սովորաբար պատժի չափ սահմանելիս դատարանը նաև հրապարակում է, թե ամբաստանյանը որ քրեակատարողական հիմնարկում պետք է պատիժը կրի: Այս դեպքում դա բացակայում էր:

«Կա՛մ կամքի բացակայություն է, կա՛մ բացթողում, չեմ կարող ասել՝ կոնկրետ այս պահին ինչ նպատակով այդ ամենը չի նշվել, բայց առհասարակ պատիժ նշանակելիս դատարանը նաև անդրադառնում է նշանակված պատժի կրման վայրին, այսպես ասած, թե որ քրեակատարողական հիմնարկում, կամ գոնե նշվում է, որ պատիժը պետք է կրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում, սովորաբար հենց այդպես էլ նշվում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անի Չատինյանը:

Անդրեյ Ռազգիլդեևը մոտ 7 տարի տևած դատաքննությունից հետո 7.5 տարվա ազատազրկման դատապարտվեց: Պատժի կրումը հաշվվեց 2018 թվականի դեկտեմբերից: Այսինքն՝ նրան մոտ 7 ամիս է մնացել պատժի ժամկետը լրացնելու համար: Այս ընթացքում ռազմաբազայի զինծառայողը ոչ թե հայաստանյան քրեակատարողական հիմնարկում էր պահվում, այլ՝ ռազմաբազայի տարածքում: Նա Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող իր դատավարությանը փաստաբանի հետ բազայից հեռավար՝ տեսակապով էր մասնակցում:

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Շիրակի մարզի դատախազն էր, երբ 11 տարի առաջ ռազմաբազայի մեկ այլ զինծառայող գյումրեցի 7-հոգանոց ընտանիքի սպանեց: Ասլանյանի կարծիքով՝ ինչպես Վալերի Պերմյակովին արտահանձնեցին Ռուսաստան, այնպես էլ Ռազգիլդեևին կփոխանցեն:

«Ես առավել քան վստահ եմ, որ պատժի կրման մասով էլ Արդարադատության նախարարությունը համաձայնությունը տալու է, և դատապարտյալը պատիժը կրելու է Ռուսաստանի Դաշնության իրավասության ներքո. կա՛մ ռազմաբազայի տարածքում է կրելու, ինչպես 1999 թվականի դեպքով երկու մեղադրյալները, կա՛մ Ռուսաստանի Դաշնության քրեակատարողական հիմնարկում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Փաստաբանի խոսքով՝ Ռազգիլդեևին արտահանձնել-չարտահանձնելու հարցը Արդարադատության նախարարության տիրույթում է: Եղել են դեպքեր, երբ Հայաստանի քաղաքացին Ռուսաստանի տարածքում հանցանք է գործել, դատապարտվել, ապա փոխանցվել է Հայաստանին: Կան նաև հակառակ դեպքեր: Բայց Ռազգիլդեևի դեպքում մինչդատավարական փուլում է խնդիր եղել, նկատում է Ասլանյանը. - «Մենք այստեղ ունենք դեռևս մինչդատական վարույթից պրոբլեմ այն առումով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձը պետք է մինչդատական կալանքը կրի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկում՝ մինչև դատապարտյալ դառնալը: Շեշտադրումը պետք է կատարենք մինչդատական և դատական վարույթին, որտեղ որևէ օրենսդրական հիմք չկա, որ անձը չպետք է լինի քո քրեակատարողական հիմնարկում և չպետք է գա դատարան; 1999 թվականից սկսած այդ բոլոր դեպքերով պատմությունը նույնն է եղել»:

Սա, ըստ փաստաբանի, քաղաքական հարց է և իշխանությունների լուծելիքը:

«Երբ խոսում են իբրև թե ինքնիշխանությունից, անկախությունից և այլն, բայց մոռանում են հանգամանքների մասին, որտեղ իրենք անզոր են», - նշեց Րաֆֆի Ասլանյանը:

Ռազգիլդեևին 7.5 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը մահացած կնոջ իրավահաջորդները կբողոքարկեն:

«Հիմա այս ընթացակարգով խախտումները, բազմաթիվ խախտումները, որ տեղի են ունեցել դատական ամբողջ պրոցեսների ընթացքում՝ սկսած քրեական գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանումից, այդքան դատավորների փոփոխություններից և առհասարակ նշանակված պատժի չափի ու պայմանների հետ, բնականաբար, դատավճիռը բողոքարկելու ենք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան», - ասաց Անի Չատինյանը:

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդները խնդրահարույց են համարում նաև այն, որ Ռազգիլդեևը պահվում է ռուսական ռազմաբազայի տարածքում:

«Պահման պայմանները որևէ մեկը չի դիտարկել ու չգիտի՝ դրանք արդյոք քրեակատարողական հիմնարկի կամ պատժի կրմանը, նախնական կալանքի կրմանը համարժեք պայմաննե՞ր են, թե՞ ուղղակի զինվորական ծառայության կրման վայր է և ավելի արտոնյալ պայմաններով», - ընդգծեց փաստաբան Չատինյանը:

Զինծառայողի փաստաբան Նարինե Ռշտունուց «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ իր պաշտանյալը բազայի տարածքո՞ւմ, է, թե՞ արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ռշտունին ասաց՝ բազայից տեղափոխելու մասին տեղեկություն չունի: Քանի որ դատավճիռը բողոքարկելու են, ապա իր պաշտպանյալին առաջիկայում հանդիպելու է:



XS
SM
MD
LG