Մատչելիության հղումներ

«Անտեղի ժամանակ են ձգում». Ջուլիետա Ղուկասյանի գործով դատավարությունն այսօր կրկին հետաձգվեց


Մոտ 5 տարի առաջ գյումրեցի 56-ամյա կնոջը դաժանորեն ծեծելու ու նրան մահվան հասցնելու համար մեղադրվող ռուս զինծառայողի դատավարությունն այսօր կրկին հետաձգվեց։ Այս անգամ պատճառն այն էր, որ դատարանը չի ստացել ավելի քան 2.5 տարի առաջ նշանակված փորձաքննությունների եզրակացությունը։

Մահացած Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտը հուսահատ հեռացավ նիստից, ասում էր՝ այնքան են ձգձգելու, որ ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևը պատիժը բանտում կրելու փոխարեն ռուսական ռազմաբազայում կրի ու ազատ արձակվի։

«Վերջում էլ ասեն՝ ազատվել է ինքը: Դրա համար են ձգձգում: Ինքը ընդեղ աղավարի կյանք կվայելի, ես ավելի եմ նման կալանավորի, քան ինքը», - ասաց Անահիտը:

Նիստի մեկնարկին՝ մեղադրող դատախազը տեսաձայնագրման և դիանկարային փորձաքննություններին սպասելը ժամանակի կորուստ համարեց ու պնդեց՝ դա փակուղու առաջ է կանգնեցնելու:

Այդուհանդերձ, դատավորը որոշեց, որ եզրակացություններին պետք է սպասեն ու նոր միայն դատական նիստը շարունակեն։ Նիստի ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչո՞ւ Փորձաքննությունների ազգային կենտրոնը 2.5 տարում չի ավարտել փորձաքննությունները։ Դատարանն արդեն 4.5 տարի է հեռավար քննում այս գործը. ամբաստանյալն ու նրա փաստաբանը ռազմաբազայից տեսակապով են մասնակցում, մյուսները՝ դատարանի դահլիճում։

Տուժողի իրավահաջորդի փաստաբանները բոյկոտել են նիստերը՝ պահանջելով, որ ռուս զինվորականը դատարան բերվի, ինչը գործը քննող արդեն 4-րդ դատավորը մերժում է։

Դաժան ծեծի հետևանքով մահացած կնոջ դուստրը պնդում է՝ ամեն անգամ դատական նիստերին ներկա գտնվելուց համոզվում է, որ անտեղի ժամանակ են ձգում։

«Հիմա էլ փորձաքննության էդ բաներն են ինչ-որ հետազոտում, անտեղի ժամանակի կորուստ, գոնե վերջում իմանամ՝ ինչն էր պատճառը: Հույս էլ չունեմ, որ կիմանամ՝ ինչն էր պատճառը: Գոնե նորմալ պատիժ տան, մամաս հետ չի գա դրանով, բայց գոնե իմ սիրտը կհովանա», - նշեց Անահիտը:

Ռուս զինծառայողին առաջադրված մեղադրանքով 6-12 տարվա ազատազրկում է նախատեսվում, մոտ հինգ տարին փաստորեն արդեն անցել է։

Անահիտ Ղուկասյանը առաջադրված հոդվածի հետ էլ համաձայն չէ, պնդում է, որ սա դիտավորյալ դաժան սպանություն է. - «Հոդվածի հետ էլ համամիտ չեմ: Ես անգամ գնացել եմ վարչության պետի մոտ: Հոդվածն ասում է՝ առողջությանը ծանր վնաս, ոնց որ մամաս սաղ է, ուղղակի ինչ-որ բան է եղել էլի, մամաս քրիստոսի տանջանքով մահացել է, էդ առողջությանը ծանր վնա՞ս է»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը բազմիցս է պնդել, որ ռուսական ռազմաբազան խոչընդոտում է արդարադատությանը։ Բազայի ղեկավարությունը երբեք հրապարակավ չի անդրադարձել այս մեղադրանքներին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG