«Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, քանի որ մեր տարածաշրջանի ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում։
Հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններում։
Միրզոյանը նշել է, որոշակի առաջընթաց է գրանցվել երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ՝ նշելով՝ «համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել»։
«Ի հեճուկս բոլոր դժվարություններին, մենք հաստատակամ ենք շարունակելու մեր ջանքերը՝ հասնելու ցանկալի նպատակին։ Այս համատեքստում հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» կապուղիների նախագիծը մեծ ներուժ ունի բարձրացնելու վստահությունը, ամրապնդելու վստահության մթնոլորտը և խթանելու տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխգործակցություն», - ընդգծել է նա։
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, ԱԳ նախարարն ասել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, կարող է լինել խաղաղության և կայունության կարևոր մյուս ներդրումը տարածաշրջանում։
«Այս նպատակով մենք շարունակելու ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ և իրականացնել որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև կամուրջի, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում», - հավելել է նա:
Երկու տարվա դադարից հետո Ռուբինյանն ու թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը հուլիսին հանդիպեցին Մարգարային անցակետում:
Հենց այդ հանդիպմանն էլ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել էին տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը գործարկելու համար։
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ստամբուլում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները, ստեղծել նորերը, առանց որևէ խտրականության ապահովել Հայաստանով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը՝ շեշտելով, որ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն և գործեն երկրի ինքնիշխանության, իրավազորության ներքո՝ հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա։