Եվրամիության ֆինանսավորմամբ «Էրազմուս+» կրթական ծրագրի ազգային գրասենյակը, որը 28 տարի աշխատել էր անխափան, հունվարի 1-ից չի աշխատում: Ժաննա Անդրեասյանի ղեկավարած Կրթության նախարարությունը որոշել է դադարեցնել գործունեությունն ու նոր գրասենյակ բացել:
«Որևէ մի ֆորսմաժոր որևէ ծրագրում չենք ունեցել», - վստահեցնում է Ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:
«Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ երեք տասնամյակ աշխատել է առանց խոչընդոտների, զարմացած է նախարարության որոշումից: Ոչ մի արտակարգ դեպք չի եղել, ծրագրեր չեն տապալվել Եվրամիությունը իրենց գրասենյակի աշխատանքի հետ կապված դժգոհություններ չի ունեցել, պնդեց նա:
«Էրազմուս+»-ը կրթական ծրագիր է, որի միջոցով ուսանողները եվրոպական համալսարաններում սովորում են, բուհերը և նաև Կրթության նախարարությունը կարողությունների զարգացման նախագծեր են անում եվրոպական երկրների հետ համագործակցելով:
ԿԳՄՍՆ-ն դժգոհ է՝ նախագծերը, որ ուսանողներին հասցրել են եվրոպական համալսարաններ, նպատակին չեն ծառայել, վերածվել են զբոսաշրջության, ծրագրերն էլ ազդեցություն չեն ունեցել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վրա:
«Գրասենյակն ընդհանրապես ոչ գրում է որևէ ծրագիր, ոչ թե գնահատում է այդ ծրագիրը: Տարիներ առաջ անում էինք մշտադիտարկում ծրագրերի, հաշվետվություն էինք գրում ծրագրի ընթացքի վերաբերյալ: Արդեն մոտ 5 տարի դա չենք անում», - ասաց նա:
Լանա Կառլովան հակադարձում է՝ նախարարությունն էլ է այս ծրագրի միջոցով նախագծեր իրականացրել: Եթե իրենց գնահատմամբ՝ դա զբոսաշրջություն է, նշանակում է՝ նրանք էլ են դրանով զբաղված, ասաց հա, հարցնելով՝ իսկ գնահատե՞լ են իրենց կատարած աշխատանքի արդյունավետությունը:
Նախարարության հիմնավորումները համոզիչ չեն, ասաց Կառլովան, կրկին հարցնելով՝ ինչպե՞ս են որոշել, որ դա գրասենյակի մեղքով է, եթե այստեղ բացի տեղեկությունից ու խորհրդատվությունից ուրիշ պարտավորություն չկա: Եվրամիությունն է հաստատում ծրագրերը: Գրասենյակը ո՛չ ֆինանսավորման, ո՛չ էլ ծրագրերի հաստատման հարցում ազդեցություն չունի: Ի՞նչ ցուցանիշների վրա են հիմնվել, նախարարությունը փաստեր չի նշել, դժգոհեց ազգային գրասենյակի արդեն նախկին համակարգողը:
Լանա Կառլովան նշեց՝ իր տպավորությամբ՝ գնում են ամեն ինչ մեկ ձեռքում կենտրոնացնելու ճանապարհով:
Ազգային գրասենյակի գործառույթն այժմ շարունակում է Բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեն: Պետք է մրցույթ հայտարարեն ու նոր գրասենյակ հիմնեն: Վստահեցնում են, թե «Էրազմուս+»-ի ընթացիկ ու նոր հայտարարվող մրցութային ծրագրերը բնականոն հունով շարունակվում են: Թե ինչ նպատակով ու ինչ հաշվարկներից ելնելով որոշեցին դադարեցնել բազմամյա փորձով գրասենյակը և իրենց ձեռքով նորը ստեղծել, Բարձրագույն կրթության կոմիտեից երեկվանից խոստացել են պարզել՝ ով պետք է «Ազատության» հարցերին արձագանքի, մինչ օրս չեն պատասխանել:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.