Մատչելիության հղումներ

Ողջ ընտանիքով՝ մեղադրյալ. նախկին քաղաքապետն ու ընտանիքը չեն ընդունում մեղադրանքը


Էջմածնի ՔՊ-ական նախկին քաղաքապետը մեղադրանքը չի ընդունում: Դիանա Գասպարյանին ու նրա ընտանիքին վերագրվող կոռուպցիոն գործի նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու ուղարկել դատարան:

«Մենք մեղադրանքը չենք ընդունում: Իրականում այդ հողերի օտարման հետ կապված որևիցե խախտում չկա ու չէր էլ կարող լինել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գասպարյանի փաստաբանը: Նա շատ փակագծեր չբացեց: Ռոբերտ Խաչատրյանը միայն ասաց՝ դատարանում արդեն կաշկանդված չեն լինի նախաքննության գաղտնիքով և հանրությանը կներկայացնեն իրենց բոլոր փաստարկները:

37-ամյա նախկին քաղաքապետից բացի՝ մեղադրյալի աթոռին են նրա ամուսինը, սկեսուրն ու սկեսրայրը: Բոլորն էլ ազատության մեջ են: Դիանա Գասպարյանն այսօր ավելի ուշ Ֆեյսբուքում գրառում է արել՝ խոստացել տոներից հետո հանգամանալից անդրադառնալ, իր որակմամբ, «այս կրկեսին»:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ մեղադրանքը քաղաքի հողերի օտարմանն է առնչվում, ինչի շրջանակում էլ նրանք փողեր են լվացել: Քրեական գործը երկու հոդվածով է՝ փողերի լվացում և պաշտոնական դիրքի չարաշահում:

Քննիչները եզրակացրել են, որ Գասպարյանի ընտանիքի անդամներն օժանդակել են նրա հանցավոր արարքներին:

7 տարի Էջմիածինը ղեկավարած Գասպարյանն ու նրա թիմը կազմակերպել են քաղաքի հողամասերի վաճառքը իր իսկ ընտանիքի անդամներին:

«Հետքն» էր բացահայտել, որ Գասպարյանի ամուսինը՝ ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արամայիս Միրզոյանն ու նրա ծնողները, առանց թույլտվության շինարարություն են սկսել և միայն տարածքի վերաբերյալ «Հետք»-ի գրավոր հարցումներից հետո են ստացել անհրաժեշտ փաստաթղթերը։

Տերյան փողոցի վրայի հողատարածքը 2022-ին ձևական աճուրդով օտարել էին սկեսրայրի ծանոթին, ընդ որում՝ շուրջ 189 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող հողամասը օտարվել էր ավելի քան երեքուկես անգամ ցածր գնով՝ մոտ 52 միլիոն դրամով։ Հետո օտարված հողամասը դարձել է Գասպարյանի սկեսրայրի սեփականությունը:

Այս տարածքում արդեն բնակարաններ են կառուցվել:

Սրանից բացի, նույն տարածքի կողքի 2 հազար քառակուսի մետր մակերեսով հողակտորն էլ վաճառվել է ուղիղ՝ առանց աճուրդի։ Սկզբում համայնքային հողը ավագանին դարձրել է վաճառքի ենթակա, ընդ որում՝ որոշմանը կողմ են քվեարկել քաղաքապետը, քաղաքապետի ավագանու անդամ ամուսինը, հետո հողատարածքը աճուրդով վաճառվել է քաղաքապետի սկեսրայրի մտերիմին, այդ մտերիմն էլ այն վաճառել է մեկ ուրիշի, վերջինս էլ՝ Գասպարյանի սկեսրոջը։

Նախկին քաղաքապետի փաստաբանը, սակայն, հակադարձում է՝ որևէ խախտում չի եղել, ավելին՝ այս գործարքներն այն ժամանակ են տեղի ունեցել, երբ Գասպարյանն ու Միրզոյանները դեռ պաշտոնապես ամուսնացած չէին:

«Զավեշտը նրանում է, որ երբ այդ հողերն օտարվել են, էդ ընտանիքն ու Դիանան իրար հետ որևէ կապ չեն ունեցել: Եվ էդ հողը, ով գնել է, էդ հողը գնողն էլ Դիանայի ընտանիքի հետ կապ չունի: Նոնսենս է: Մարդիկ իրար չեն ճանաչել ու բերում վերագրում են Դիանա Գասպարյանին»,- ասում է Դիանա Գասպարյանի փաստաբանը:

Վարչապետի թիմակիցն ամիսներ առաջ թողեց պաշտոնը, բայց ոչ թե իր անվան շուրջ պտտվող կոռուպցիոն պնդումների, այլ՝ ժամանակն ընտանքին նվիրելու պատճառաբանությամբ:

Իշխանությունը կոռուպցիայի դեմ համակարգային պայքար պետք է մղի. փորձագետ

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանի խոսքով. - «Միգուցե, իսկապես ընտրվել է մեկը, որն առավել «աչքի է ընկել», միգուցե դա էլ կա, շատ հավանական եմ համարում, որ դա էլ և, քանի որ, նախընտրական ժամանակաշրջանում ենք, հենց նա էլ ընտրվել էր: Այսինքն՝ միայն նախընտրական չէ, բայց նախընտրականն իր ազդեցությունը թողել է»:

Մինչ վարչապետ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության քաղաքական կամքը չի նվազել և չի նվազելու, Վարուժան Հոկտանյանի կարծիքով միայն Գասպարյանի ու նրա ընտանիքի քրեական գործը բավարար չէ պնդելու, թե իշխող ուժը ակտիվ ջանքեր է գործադրում կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

«Բավարար չէի ասի՝ ելնելով կոռուպցիայի ընկալման համաթիվը, որ կա և նրա միտումները, որ, փաստորեն առաջին երկու տարին կտրուկ լավացումից հետո 18,19 թվականներից հետո մենք լճացման փուլում ենք», - նկատում է Հոկտանյանը:

Կարևորն, ըստ փորձագետի, այն է, որ իշխանությունը կոռուպցիայի դեմ համակարգային պայքար մղի, որ օրենքի առջև բոլորը հավասար լինեն, նմանատիպ բացահայտումները շատ լինեն: Մինչդեռ իշխանականներին առնչվող հատուկենտ գործեր կան:

Փորձագետի խոսքով. - «Պետք է լինեն ուժեղ կանխարգելիչ մեխանիզմներ, պետք է հասարակությանը կրթել, չպիտի լինի քրեական հետապնդում քաղաքապետերի մակարդակի, այլ ավելի բարձր մակարդակի»:

Կոռուպցիոն մեղադրանքներից տարիներ առաջ Էջմիածնի քաղաքապետն ու ներկայիս պաշտպանության նախարարը սկանդալի կիզակետում էին հայտնվել, երբ համացանցում էր հայտնվել նրանց հեռախոսազրույցը: Գասպարյանն ակնհայտ դժգոհություն էր հայտնել իր թիմի ղեկավարից, անգամ պնդել, որ Փաշինյանը պետք է հեռանա: «Հանուն պետության ինքը պիտի գնա, թե չէ սենց չի լինի: Իրան տարել է արդեն, իրա հոգեկանն արդեն չի դիմանում, իրա նյարդերը տեղի են տվել: Միտեսակ մենք մոռանում ենք, որ մենք հեղափոխություն արած թիմ ենք, հասկանում ես», - ասում էր Գասպարյանը:

Դիանա Գասպարյանին առաջադրված հոդվածներով մինչև 12 տարվա ազատազրկում է նախատեսված:

XS
SM
MD
LG