Մատչելիության հղումներ

Ո՞ւր կորավ փոքրիկ Տիգրանը. բոլոր վարկածներն ուսումնասիրվում են


Ով ինչ շորի կտոր է գտնում, լուսանկարում, Տիգրանենց տուն է վազում:

Փոքրիկին հորաքույրն է հագցրել բակ ուղարկել, գույներով ու նախշերով տաբատ էր հագին ու մոխրագույն վերև, նապաստակներով հողաթափ: Ավագ եղբոր հետ է եղել, եղբայրը մենակ է տուն վերադարձել: Ո՞ւր կորավ 3-ամյա տղան, երրորդ օրն է՝ նրա հետք անգամ չկա:

«Մայրը տեսավ, որ չկա, ասեց՝ քնած ա՞, ասեցի՝ չէ, ստեղերք խաղ էր անում: Հետո նայեցինք տեսանք չկա էրեխեն: Ման եկան, տեսան, որ չկա, զանգեցին 911», - «Ազատությանը» պատմեց Մարիամ Օվանեսովան՝ Տիգրանի հորաքույրը:

Տիգրանն իրենից երկու տարով մեծ եղբոր հետ է եղել, նա համր է: Հորաքույրն ասում է՝ երբ հարց են տալիս, մի բան է ցույց տալիս. - «Ձեռը բողազին ա տանում: Երևի վախեցրել են, ինչ են արել, չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ»:

Երեխայի մայրը մյուս չորս երեխաների հետ Սևանում հարցաքննության էր, իսկ Ծափաթաղ գյուղի հարակից տարածքներում մինչև լճի ափ որոնողական աշխատանքներ են:

«Էս պահին 3 հազար 370 հեկտարից ավել տարածքում 7 ուղղություններով իրականացվում են», - «Ազատությանն» ասաց Ներքին գործերի նախարարության փրկարար ուժերի վարչության պետ Արթուր Կիրակոսյանը:

Ըստ հարազատների՝ Տիգրանը եղբոր հետ բակում է խաղացել, բայց գյուղացիներից մեկը նրան տեսել է ավելի հեռու՝ կամրջի մոտ: Կամուրջը մայրուղու կողքին է, իսկ եթե մայրուղին էլ անցել է, ապա այդտեղ դեպի Սևանա լճի ջրերը տանող չիչխանի խիտ ու փշոտ անտառներն են: ՆԳՆ ավելի քան 300 փրկարար է ներգրավված որոնումներում. անտառներում քայլելով, մոտոներով, շներով, դրոններով՝ վերևից և նավակներով՝ ջրի վրա:

«Շարունակվելու են էնքան ժամանակ, բոլոր վարկածները, որոնք բնակիչների կողմից կամ մեր կողմից արդեն և ոստիկանների կողմից ուսումնասիրվել են, բոլոր վարկածների շուրջ որոնողական աշխատանքները շարունակվում են», - նշեց Արթուր Կիրակոսյանը:

Ծափաթաղում Տիգրանենց տնից ոչ շատ հեռու շտաբ է ձևավորվել՝ աշխատանքները փրկարար ուժերի վարչության պետն է համակարգում, այստեղ էր նաև Գեղարքունիքի մարզպետը:

«Հիմա ռադիուսը գրեթե կրկնակի անգամ ավելացել է, ավելացրել են, և ավելի մեծ շառավղով են որոնողա-փրկարարական աշխատանքները իրականացվում: Այս պահին մոտ 470 անձինք են որոնման աշխատանքներ կազմակերպում, իրականացնում, առաջիկա մեկ ժամվա մեջ ևս 200-ով կավելանան», - ասաց
մարզպետ Կարեն Սարգսյանը:

Վաղ առավոտից նաև մոտոներն են միացել որոնողական աշխատանքին:

«Ամեն տեղ չի, որ մոտոն կարա անցնի, տեղ-տեղ չորեքթաթ ենք անցնում՝ օբլեպիխայի թփերի մեջով, էս թփերի մեջով մոտոն չի կարա անցնի: Բայց մեկ ա, որ լեն տարածքը մոտոն լավ եկավ, օրինակ այ էն դաշտերը ահագին արագ հսկվել են մոտոյով, բայց ոչ հետք, ոչ մի բան», - ասաց որոնողական աշխատանքների մասնակիցներից մեկը:

«Ամբողջը, էն որ հնարավոր ա մեր սահմաններում, էլի՝ մոտոյի հնարավորության չափով, մեր հնարավորության չափով, փորձել ենք, ոչ մի ինչ-որ նշան, ոչ մի բան չենք տեսել», - նշեց մյուսը:

Մարզի տարբեր բնակավայրերից այստեղ կամավորներ են եկել՝ զննում են թփերը, այսուայնկողմ թափված տոպրակները, ամեն շորի կտոր. - «Ոչինչ, ոչ մի բան, ոչ մի հետք: Հնարավոր չէր՝ էդ էրեխեն տենց տեղ մտներ ու ինչ-որ շորի կտոր, կամ արյան կտոր, կամ կոշիկ կորած, կամ ... Ուղղակի ոնց որ սենց անհայտացել ա»:

Քննարկվում են երեխայի անհետացման բոլոր վարկածները, տեղում իրավապահներն են աշխատում, ասացին, որ Տիգրանի եղբոր հետ լոգոպեդ հոգեբաններ են աշխատում: 3-ամյա երեխան տնից այդքան կհեռանա՞ր՝ մինչև մայրուղի մոտ մեկ կիլոմետր է, հորաքույրն ասում է՝ միշտ միայն բակում է խաղացել. - «Ոչ մի անգամ չի գնացել ծովի ափ»:

Բայց որ շատ ճարպիկ ու արագավազ է՝ սա էլ են շեշտում տան անդամները:

Տիգրանը քույր ու երեք եղբայրներ ունի, նրա ծնողներն այս տանն ապրում են հորաքրոջ նույնպես բազմանդամ ընտանքի հետ՝ բոլորով 14 հոգի են: Սոցիական ծանր խնդիրներով: Ընտանիքում նաև հաշմանդամությամբ մարդիկ կան: Առավոտից Սևան հարցաքննության մեկնած մայրն ու երեխաները երբ վերադառնան, ի՞նչ են ուտելու. հորաքույրը ցույց տվեց եռացող թեյնիկը՝ հաց ու պանիրով թեյ, ասաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG