Մատչելիության հղումներ

Փարաքարի ՔՊ-ական համայնքապետն էլ է եղել սպանության վայրում. ՔՊ-ից դեռ չեն արձագանքում


Փարաքարի համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյան։ Լուսանկարը՝ նրա ՖԲ էջից
Փարաքարի համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյան։ Լուսանկարը՝ նրա ՖԲ էջից

«Ամեն անգամ, երբ որ ես լրատվությունը նայում եմ, տեսնում եմ ինչ-որ մեկն ինչ-որ մեկին կրակել է, դա շատ մեծ պրոբլեմ է, մեծ պրոբլեմ։ Եվ մենք չենք կարող էսպես ուղղակի ասել՝ էն մեկը խմած է եղել, մեկը՝ ջղայնացած։ Դա չի արդարացնում։ Մեր ոստիկանության և իրավապահ համակարգի արդյունավետությունը սրանով է չափվում». վարչապետ Փաշինյանի այս ելույթին հաջորդեցին Երևանի Աջափնյակ համայնքում կրակոցները։

Ավտոլվացման կետերից մեկում այսօր կեսգիշերին վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ։ Դեպքի վայրից հրազենային վնասվածքով 42-ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։ Ըստ քննչականի՝ կրակողը սպանվածի եղբայրն է։

«Անհանդուրժելի է, գոնե ինձ համար, չպետք է նստել ու ասել՝ պարզ է, պետք է կրակել։ Ո՛չ, պարզ չի ու չպետք է կրակել», - ասաց գործադիրի ղեկավարը։

Ողջ օրը մամուլում հրապարակումներ եղան, որ արյունոտ վիճաբանության վայրում է եղել Փաշինյանի թիմակիցը՝ Փարաքարի համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը։

«Ազատություն»-ն էլ տեղեկացավ, որ ՔՊ-ական պաշտոնյան այնտեղ է եղել, բայց իրավապահներն այս մասին ոչինչ չեն հայտնում։

Ի՞նչ էր անում Փարաքարի համայնքապետը դեպքի վայրում, արդյո՞ք վիճաբանության կողմերից էր։ Մամուլում տեղեկություններ կան, որ նա էլ է ոտքից վիրավորվել, բայց պաշտոնական մանրամասներ չկան։

Լուսանկարը՝ ՔԿ-ի
Լուսանկարը՝ ՔԿ-ի

Լյուդվիգ Գյուլնազարյանի մասնակցությունը պաշտոնապես չի հերքվել։ Համայնքապետն էլ դրան չի արձագանքել։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունն էլ լուռ է։

«Ոստիկանությունը սրա համար ենք բարեփոխում։ Բարեփոխում ենք, որ էդ բոլոր հարցերը լուծվեն։ Ընդ որում, շատ մեծ ներդրումներ ենք անում», - հայտարարեց վարչապետը։

Կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն «Ազատության»-ը փոխանցեց, թե տեղյակ չէ՝ ինչ է տեղի ունեցել։ Նա խոստացավ կուսակցության անունից ավելի ուշ արձագանքել։

Վահագն Ալեքսանյան, արխիվ
Վահագն Ալեքսանյան, արխիվ

Ըստ հրապարակումների՝ ավտոլվացման կետը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, Փարաքարի համայնքապետի ընկերոջն է։ Վիճաբանության ժամանակ համայնքապետը դեպքի վայր է գնացել իր ընկերներին աջակցելու նպատակով։ Վիճաբանության ընթացքում կրակոցներ են հնչել։ Ըստ քննչականի, կրակողը սպանվածի եղբայրն է, 34 տարեկան։ Քրեական գործ է հարուցվել սպանության և ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածներով, այս պահին դեռ ձերբակալված անձ չկա։

Թե Փարաքարի ՔՊ-ական համայքնապետի պաշտոնավարման հարցում ինչ ազդեցություն կունենա այս դեպքը, կուսակցության արձագանքից կերևա։ Իշխող թիմն այս համայնքի կառավարմանը հասավ մեծ դժվարությամբ։ Ավագանու ընտրություններում ՔՊ-ն պարտվել էր։ Ամենաշատ ձայնը հավաքել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, որին այդպես էլ չհաջողվեց կառավարել համայնքը։

Իշխող կուսակցությունն ու «Դավիթ Մինասյան» դաշինքը միացան ու երկարատև պայքարից ու իրավականք քաշքշուկից հետո նրանց հասավ համայնքի կառավարումը։ Երկուսուկես տարի Դավիթ Մինասյանը պաշտոնավարեց, ամիսներ առաջ պաշտոնը փոխանցեց իշխանության թեկնածուին՝ Լյուդվիգ Գյուլնազարյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG