Նոր նորքի թաղապետարանում ծեծվելուց հետո խուլիգանության համար մեղադրյալի աթոռին հայտնված ակտիվիստ Արթուր Չախոյանը դեպքից ավելի քան մեկ շաբաթ անց չի հարցաքննվել, որևէ քննչական գործողության դեռ չի մասնակցել:
«Առողջական խնդիրներ եմ ունեցել, դրա կապակցությամբ ոչ մի գործողության չեմ մասնակցել», - նշեց նա:
Այսօր քաղաքապետարանի շենքի առջև հրավիրած ասուլիսում ակտիվիստն ասաց, որ հիվանդանոցից օրերս է դուրս գրվել, առաջիկայում կմասնակցի հարցաքննության: Թեև հետևողական է լինելու, որ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն իր թիմով պատասխանատվության ենթարկվի իրեն թաղապետարանում ծեծելու համար, բայց արդարադատության հույս չունի: Հակառակ դեպքում, ասում է, թաղապետն ու մյուսներն արդեն կալանքի տակ պետք է լինեին, ավելին՝ Տեր - Մարգարյանն էլ՝ ազատված աշխատանքից:
«Թաղապետը մենակ լիներ, էն, որ 10 հոգով հարձակվում են իմ վրա, ես լինեի, հիմա ինձ ձերբակալել էին, կալանավորել էին, եթե ձեր կուսակիցը չի ու դուք արդար եք, ինչի՞ մինչև օրս կալանավորված մարդ չկա: Բայց եթե ընդդիմադիր դաշտից մեկը լինեին, արդեն կալանքի տակ կլիներ», - ընդգծեց Չախոյանը:
Երևանի ավագանիում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» դաշնակից «Հանրապետություն» կուսակցությունն իր թիմակից թաղապետի արարքը թեև դատապարտեց, բայց նաև Չախոյանին մեղադրեցին, թե նրա սադրանքին է տրվել Տեր-Մարգարյանը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս բռնությունը դատապարտեց, բայց իր ենթակային աշխատանքից չազատեց, «ես դատավոր չեմ», ասաց ու փակեց թեման վերջին գործակարգավարական նիստում:
Այս ֆոնին սակայն, իշխող ուժից արդեն սկսել են կարծիքներ հնչել, որ վարչական շրջանի ղեկավարը պետք է հրաժարական տա:
«Շատ վատ դեպք է: «Հանրապետություն» կուսակցությունը եթե հետևություն չարեց և իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, «Հանրապետություն» կուսակցությունը ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց ու վստահություն ստացավ ժողովրդի կողմից, դրա հակառակն է ստանալու», - ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը:
Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր մեկ ասում էր, որ թաղապետի հեռանալու հարցը պետք է ավագանիում իրենց դաշնակից «Հանրապետություն»-ը որոշի, մյուս կողմից ակնարկում, որ այս դեպքը վատ կանդրադառնա այդ կուսակցության վարկանիշի վրա. - «Քաղաքական պատասխանատվություն վերցնելու համարձակություն է պետք: Այդ համարձակությունը եթե իրենք դրսևորեն, նույն Տիգրան Տեր-Մարգարյանը դրսևորի, պարոն Սարգսյանը դրսևորի, ես վստահ եմ, որ դա եվրոպամետ, ազատ մտքի, ազատության ջատագով ուժին միայն դրական բան կբերի հաջորդ ընտրությունների ժամանակ»:
Արդեն երեք տարի քաղաքային խնդիրները բարձրաձայնող, կոռուպցիոն գործարքների մասին ահազանգող Արթուր Չախոյանի ու Նոր նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի միջև կռիվ էր ընկել ակտիվիստի վերջին բացահայտումից հետո: Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը Մասիվի մանկապարտեզի թերություններն էին ուղիղ եթերով ցույց տալիս՝ պատի քարերը, ներկը, ասֆալտը հեշտությամբ պոկվում ու մնում էին նրանց ափերի մեջ: Մանկապարտեզն էլ նորոգել էր «Լիլիան Արմ» ընկերությունը, որն, ըստ ակտիվիստի, իշխանության ներկայացուցչին է պատկանում:
Այցից հետո Չախոյանը զանգ էր ստացել հենց Նոր նորքի թաղապետից: Ակտիվիստը հիմա էլ է պնդում՝ Տեր - Մարգարյանը հայհոյել էր իրեն, ինչից հետո հայհոյանքները փոխադարձ էին դարձել: Հաջորդ օրն էլ Չախոյանն ու Մանուկյանը թաղապետարանի շենքի ներսում բողոքի ակցիա էին արել՝ Տեր - Մարգարյանի նկարի վրա յոգուրտ էին լցրել ու պնդել՝ թաղապետի բառապաշարին համարժեք ակցիա են անում: Հաջորդ օրը, երբ Չախոյանը ցանկանում էր մասնակցել Նոր Նորքի թաղապետարանում հանրային լսմանը, անձամբ թաղապետի կողմից դաժան ծեծի ենթարկվեց տեսախցիկների առջև:
Այս պատմությունից հետո Քննչականը երկու գործ է հարուցել 6 մեղադրյալներով: Յոգուրտով ակցիայի համար խուլիգանության հոդվածով մեղադրյալի աթոռին են Չախոյանն ու ավագանու ընդդիմադիր անդամը, իսկ ակտիվիստին ծեծելու դրվագով Տեր-Մարգարյանն ու նրա թիմակիցները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով: Վեցն էլ ազատության մեջ են, երկրից չբացակայելու արգելք ունեն: Բռունցքներով Արթուր Չախոյանի վրա հարձակված Տեր-Մարգարյանը դեպքից օրեր անց ներողություն խնդրեց ու հայտարարեց՝ չպետք է տրվեր սադրանքին:
Մինչ վարչապետ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարում էր, որ ինքը թաղապետի հարցով չի զբաղվելու, դա իրավապահների գործն է, Չախոյանը պնդում է՝ նրա թիմը պետք է ազատի թաղապետին, որը միտումնավոր է սադրանքի գնացել, որ ինքը չմասնակցեր հանրային լսմանն ու չբացահայեր հերթական անօրինականությունը:
«Հանրապետություն» կուսակցությունը ծեծից հետո պնդել էր, թե միջադեպը պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը «Հայաստանի ինքնիշխանությունն էր»: Կուսակցության ղեկավարն էլ պնդել էր, թե Չախոյանի ու նրա համախոհների ետևում Ռուսաստանն է կանգնած: Ինքը՝ Չախոյանը, կտրականապես հերքում է որևէ ուժի, այդ թվում՝ դրսի ֆինանսավորումն ու ընդգծում՝ շինարարությամբ է ապրուստը վաստակում, բայց հիմա փաստաբանի փող էլ չունի: