Մատչելիության հղումներ

Պաշտոնանկություն կլինի՞. քաղաքապետը չի շտապում գնահատել ակտիվիստին ծեծած իր ենթակայի վարքը


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը միացել է շաբաթօրյակին, 3-ը մայիսի, 2025թ.
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը միացել է շաբաթօրյակին, 3-ը մայիսի, 2025թ.

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքից օրեր անց չի խախտում լռությունը. տեղի ունեցածի մասին նա դեռ որևէ հայտարարություն չի արել. մինչդեռ «Ազատությանը» հանդիպած երևանցիները խոսքերից զատ կոնկրետ գործողություններ են անկնկալում՝ պաշտոնանկ անել թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին:

«Տասը հոգով թափվեցին մի մարդու վրա ու սկսեցին ծեծել, դա շնո՞րհք էր», - տարակուսում էր երևանցի մի կին:

Ծեծի շուրջ քննարկումների ու սուր քննադատության ալիքը չի մարում. մինչ այդ քաղաքապետն այսօր փոցխը ձեռքին շաբաթօրյակի էր մասնակցում ու մաքրությունում անում մի տարածքում, որտեղ հստակ հուշում կար՝ «Բռնությունն արդարացում չունի» գրաֆիտիի տեսքով: Աշխատանքները Ավինյանին այսպիսի գրությամբ պատի մոտ տարան, նրա շուրթերից, սակայն, այս բառերն այդպես էլ չհնչեցին:

Քաղաքապետը կարճ արձագանքեց միայն հեռանալիս՝ «գնահատական կլինի», բայց երբ ու ինչպես, չհստակեցրեց:

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դաժան ծեծից հետո, որին անձամբ մասնակցում էր թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը, երկու քրեական գործ է հարուցվել: Ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու, նաև թաղապետին:

Իսկ դրա նախորդ օրը նույն շենքում յոգուրտով ակցիա իրականացրած ակտիվիստ Չախոյանն ու ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը մեղադրյալ են մի խումբ անձանց կողմից տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանության հոդվածով: Վեցի նկատմամբ էլ խափանման միջոցը բացակայելու արգելքն է:

Նոր Նորքի թաղապետը քաղաքային իշխանությունը «Քաղաքացիական պայմանագրի» հետ կիսող «Հանրապետություն» կուսակցությունից է. կոալիցիոն գործընկերները անցնող օրերին թեև դատապարտեցին բռնությունը, բայց սլաքները հենց ծեծվածի վրա ուղղեցին, թե նա է սադրել: «Հանրապետությունն» ավելի հեռուն գնաց՝ միջադեպը Հայաստանի ինքնիշխանության և անկախության դեմ սադրանք որակելով:

Կատարվածի մասին քաղաքացիների կարծիքը փորձեցինք պարզել հենց Նոր Նորք վարչական շրջանում: Մոտ մեկ ժամվա ընթացքում երկրորդ տեսակետ չլսեցինք, բոլորը դատապարտում էին բռնությունը . - «Եթե քաղաքակիրթ մարդ է, ընդհանրապես սենց բան չէր անի, եթե նորմալ երկիր լիներ, միանգամից հրաժարական կտար»:

Իսկ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ընդդիմախոսին ծեծելուց հետո սովորական աշխատանքային ռեժիմում է, նա իր ֆեյսբուքյան էջում շաբաթօրյակի շրջանակում արված աշխատանքների մասին է տեղեկացրել՝ Հայկ Նահապետի ու Գայի արձաններ է լվացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG