AFP-ի կողմից ձեռք բերված նախագծի համաձայն՝ «Ուկրաինան իր արևելյան տարածքների մի հատվածը կհանձնի Ռուսաստանին և կկրճատի իր զինված ուժերի թիվը՝ մինչև 600,000 զինծառայող՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը վայելող 28 կետից բաղկացած համապարփակ խաղաղության ծրագրի»:
Կիևը նաև կպարտավորվի չմիանալ ՆԱՏՕ-ին և չի ստանա արևմտյան խաղաղապահ ուժերը, չնայած եվրոպական ռազմական ինքնաթիռները կտեղակայվեն Լեհաստանում՝ Ուկրաինան պաշտպանելու համար։
ԱՄՆ պաշտոնյան AFP-ին հայտնել է, որ ծրագիրը ներառում է Կիևի համար հզոր անվտանգության երաշխիքներ՝ հիմնված ՆԱՏՕ-ի կանոնների վրա, որոնք կպարտավորեցնեն ԱՄՆ-ին և եվրոպացի դաշնակիցներին արձագանքել Ուկրաինայի վրա ցանկացած հարձակմանը։
Առաջարկը ենթադրում է Կիևի կողմից խոշոր զիջումներ: Մինչ այս, Զելենսկին մերժել էր Մոսկվայի նախկին պահանջները՝ տարածքներ հանձնելու կամ զինված ուժերի թվաքանակը նվազեցնելու վերաբերյալ՝ պնդելով, որ դա միայն կթուլացնի Ուկրաինան և այն խոցելի կդարձնի ապագայում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «առաջիկա օրերին» ակնկալում է քննարկել ծրագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նա ասել է, որ ցանկացած համաձայնագիր պետք է բերի «արժանապատիվ խաղաղություն», որը կհարգի Կիևի ինքնիշխանությունը։
Սպիտակ տունը հերքել է այն տեղեկությունները, թե առաջարկը մշակել է Մոսկվայի հետ՝ ասելով, որ դեսպան Սթիվ Ուիթքոֆն ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին մեկ ամսվա ընթացքում երկու կողմերի հետ էլ աշխատել են: «Նախագահը աջակցում է այս ծրագրին։ Դա լավ ծրագիր է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար», - լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևվիթը:
Առաջարկի հիմնական մասերը համապատասխանում են Մոսկվայի նախկին պահանջներին և հատում են Ուկրաինայի կարմիր գծերը։
Դրանց թվում է, որ Ուկրաինան դուրս կգա Լուգանսկի և Դոնեցկի մարզերից:
Երկու շրջանները և Ղրիմը, որը Ռուսաստանը բռնակցեց 2014 թվականին, «կճանաչվեն որպես փաստացի ռուսական, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կողմից», մինչդեռ Դոնբասում կհաստատվի ապառազմականացված գոտի։
Ծրագրի համաձայն՝ Ռուսաստանը կվերադառնա Մեծ ութնյակ, որից 2014-ին էր հեռացվել: Ուկրաինա կրկին ներխուժման դեպքում՝ պատժամիջոցները կվերականգնվեն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին ԱՄՆ բանակի բարձրաստիճան պաշտոնյայի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ պատրաստ է Վաշինգտոնի հետ համագործակցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ և առաջիկա օրերին այն քննարկելու է նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Ուկրաինային խաղաղություն է պետք… Արժանապատիվ խաղաղություն, որպեսզի մեր անկախության, մեր ինքնիշխանության և ուկրաինացի ժողովրդի արժանապատվության նկատմամբ հարգանքի հիման վրա լինեն պայմանները», - Կիևում ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարել է Զելենսկին: