Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ին անդամակցության այլընտրանքը միջուկային զենք ունենալն է․ Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության միակ այլընտրանքը կարող է լինել միջուկային զենք ունենալն, այլապես անհնար կլինի ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, երեկ Բրյուսելում, մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մանրամասներ ներկայացնելով ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից։

Զելենսկին Բրյուսելում էր՝ ԵՄ առաջնորդներին ներկայացնելու հինգ կետից բաղկացած «հաղթանակի ծրագիրը»։

«Ո՞րն է ելքը․ կա՛մ Ուկրաինան կունենա միջուկային զենք, և դա մեզ համար կլինի պաշտպանություն, կա՛մ մենք պետք է ինչ-որ դաշինք ունենանք։ Բացի ՆԱՏՕ-ից, այսօր ես այլ արդյունավետ դաշինք չգիտեմ», - պարզաբանել է Զելենսկին Թրամփին։

Ուկրաինայի նախագահն ասել է, որ Կիևն ընտրում է ՆԱՏՕ-ն, քանի որ միության անդամ երկրները չեն պատերազմում։ Թրամփը, ըստ Զելենսկու, այդ փաստն «արդար» է համարել։

Հիշեցնելով, որ 1994 թվականի «Բուդապեշտի հուշագրի» համաձայն Կիևը հրաժարվել է միջուկային զենքից՝ Զելենսկին նկատել է՝ փաստաթուղթը ստորագրած ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը, սակայն, չեն կատարել իրենց պարտավորությունները Ուկրաինան տարածքային ամբողջականության երաշխիքների հետ կապված։

2014 թվականին, Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո, Կիևը Մոսկվային մեղադրեց այս հուշագիրը խախտելու համար։ Ռուսական իշխանությունները, իրենց հերթին, որպես 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի վրա հարձակման հիմնավորում նշում են Ուկրաինայի ենթադրյալ միջուկային հավակնությունները, թեև Կիևը չի հայտարարել միջուկային զենք կրկին ձեռք բերելու իր մտադրության մասին։

Զելենսկին Թրամփի, ինչպես նաև ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի հետ հանդիպել է սեպտեմբերին ԱՄՆ կատարած այցի ժամանակ։ Թրամփը թեև հանդիպումից մանրամասներ չի ներկայացրել, սակայն վերահաստատել է՝ նախագահ ընտրվելու դեպքում կձգտի օր առաջ վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG