20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործով ձերբակալված երկու զինծառայողները կալանավորվել են, հայտնում է Քննչական կոմիտեն:
Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մեղադրյալներից մեկը կրտսեր սերժանտ է, մյուսը՝ շարքային զինծառայող։
Նարեկ Թորոսյանին մահացած էին գտել հուլիսի 21-ին։ Պաշտոնապես չէր հաղորդվել՝ կոնկրետ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։ Քննչական կոմիտեն ու Պաշտպանության նախարարությունը երկու օր շարունակ հրաժարվում էին մանրամասներ հայտնել։
Armlur-ը գրում է, թե նախնական տվյալներով՝ զինվորը ծեծի է ենթարկվել:
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն էլ «Ազատության» հետ զրույցում նշել է, որ իրեն հասած լուրերի համաձայն՝ կարծես թե «ինքնասպանության» մասին են խոսում, մանրամասներին, սակայն, չէր տիրապետում:
Նարեկի Թորոսյանի հոր ընկերոջ՝ Արայիկ Բաբայանի փոխանցմամբ՝ տղան Ճամբարակում էր ծառայում, վերջերս էր արձակուրդ եկել:
Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, սովորում էր Ռուս-հայկական համալսարանի լրագրության բաժնի 4-րդ կուրսում և երազում էր սպորտային լրագրող դառնալ։ Նա բանակ էր զորակոչվել այս տարվա հունվարին՝ ուսման ավարտից մի քանի ամիս առաջ։
Բուհի Լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը «Ազատությանը» պատմել է, որ տղան առանց որևէ խոչընդոտի 4 տարի սովորել է բուհում, 4-րդ կուրսի առաջին կիսամյակն ավարտելուց հետո զորակոչել են բանակ: Թե ինչ պատճառաբանությամբ՝ Ալեքյանը տեղյակ չէր:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում անթույլատրելի էր համարում Պաշտպանության նախարարության լռությունը: Իրավապաշտպանն ընդգծում էր, որ ռազմական գերատեսչությունը պարտավոր էր հաղորդագրություն տարածել զինծառայողի մահվան վերաբերյալ, մինչդեռ անգամ հրապարակավ ցավակցություն չեն հայտնել զինվորի հարազատներին:
Ալեքսանյանի համոզմամբ՝ պաշտպանության նախարարը լուռ մնալով պարզապես ուզում է իրեն հեռու պահել մահվան դեպքերից:
ՀԿ-ները խորը մտահոգություն են հայտնում և պահանջում քայլեր ձեռնարկել
Շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել՝ խորը մտահոգություն հայտնելով Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։
«Միայն 2026 թ․ ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել են ոչ մարտական պայմաններում 8 մահվան դեպքեր, որոնց մեծ մասի առնչությամբ, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրությունների, նախաձեռնվել են քրեական վարույթներ ՀՀ քրեական օրենսգրքի սպանության և ինքնասպանության հասցնելու հոդվածներով», - ասված է հայտարարությունում:
«Զինծառայողները, հատկապես ժամկետային զինծառայողները, գտնվում են Հայաստանի Հանրապետության անմիջական պատասխանատվության և հոգածության ներքո։ Պետությունը պարտավոր է ապահովել նրանց կյանքի իրավունքն ու անվտանգությունը, պաշտպանել նրանց պատիվն ու արժանապատվությունը։
Ամենաբարձր պաշտոնական մակարդակով սեփական կյանքին վերջ տալու դեպքերի պատճառների մասին խոսելիս մարդու իրավունքների պաշտպանության փոխարեն խնդիրը տեղափոխվում է զոհի հոգեբանական դիմակայության դաշտ, ինչն ուղղակիորեն ոլորտում պետության պատասխանատվությունից խուսափելու, դեպքերի իրական պատճառներն ու հանգամանքները կոծկելու միտում է պարունակում:
Մինչդեռ, մահվան դեպքերի ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ զինված ուժերում բռնությունը, զինծառայողների նվաստացումը կրում է շարունակական բնույթ և դրսևորվում է ինչպես ֆիզիկական բռնությամբ, այնպես էլ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տարբեր դրսևորումներով, ահաբեկմամբ, ինչպես նաև պաշտոնեական կամ փաստացի իշխանության երկարատև չարաշահմամբ», - ընդգծում են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե», «Հելսինկյան ասոցիացիա», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Հանրային լրագրության ակումբ», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» և մյուս կազմակերպությունները:
«Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է ոչ թափանցիկ ու ոչ հաշվետու գործելաոճը՝ բավարար հանրային հաշվետվողականություն չցուցաբերելով մահվան դեպքերի և հանգամանքների շուրջ։ Չի իրականացվում ինքնասպանության և սպանության դեպքերի, բռնության դրսևորումների համակարգային պատճառների խորքային և համակողմանի ուսումնասիրություն, ինչպես նաև նման դեպքերի կանխարգելմանն ուղղված արդյունավետ բարեփոխումներ, ինչն էականորեն ազդում է զինված ուժերի նկատմամբ հանրային անվստահության խորացման», - ասված է հայտարարությունում:
Կազմակերպությունները պահանջում են իրականացնել բռնության և մահվան հանգեցրած դեպքերով արդյունավետ քննություն, այդ թվում՝ պատշաճ իրավական գնահատական տալով հրամանատարական կազմի գործողություններին և անգործությանը, զինված ուժերում իրականացնել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրական և արդյունավետ բարեփոխումներ, զինված ուժերում երաշխավորել արդյունավետ հրամանատարական վերահսկողություն և հաշվետվողականություն և մի շարք այլ քայլեր ձեռնարկել: