Մատչելիության հղումներ

Նամակ-պահանջ՝ վարչապետին. 12 ժամ աշխատանք, զրո արտոնություն

Տաքսու վարորդ Արթուր Վարդանյանը և Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը զրուցում են լրագրողների հետ, Երևան, 24-ը փետրվարի, 2026թ.
Տաքսու վարորդ Արթուր Վարդանյանը և Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը զրուցում են լրագրողների հետ, Երևան, 24-ը փետրվարի, 2026թ.

Տաքսիստներն այսօր 600-ից ավելի ստորագրությամբ նամակ հանձնեցին Կառավարություն՝ վարչապետին:

«600-ից ավել արդեն, համարյա 700 հասնում ա», - «Ազատությանը» փոխանցեցին վարորդները:

Նրանք անցած շաբաթ բողոքի ակցիաներ սկսեցին հիմնական պահանջով՝ ճանաչել իրենց ամսական եկամուտն ու գրանցել որպես աշխատող, որ կարողանան օգտվել հունվարից գործող բժշկական ապահովագրությունից, ինչպես նաև՝ նվազեցնել հարկերը:

«Մենք դժգհում ենք համ Yandex-ին, համ էլ պետությանը: Պետությանը դժգոհում ենք, որ 5 տոկոս մուծում ենք՝ չգիտենք ինչի համար ենք մուծում, հիմա թող բացատրեն: Yandex-ին էլ՝ ահավոր շատ ա տոկոսները», - ասաց տաքսիստներից Արթուր Վարդանյանը:

Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն էր օգնել վարորդներին նամակ կազմել, ուղարկել Կառավարություն:

«Երբ որ հայտարարում էր Կառավարությունը, որ 200 հազար դրամից ավել վաստակող մարդիկ անվճար պիտի բուժվեն, պարզ լեզվով ասեմ՝ վարորդներից 40 հազարից ավելինը 200 հազար դրամից ավել են վաստակում էդ մարդիկ: Ու էս մարդիկ ասում են՝ «լավ, մենք ինչի՞ պիտի չօգտվենք նաև էդ ծառայությունից», - ասաց Մանուկյանը:

Այս մարդիկ, ունենալով կայուն եկամուտներ, զրկված են արտոնություններից, ընդգծում է Երևանի ավագանու ընդդիմադիր անդամը. - «12 ժամ աշխատում են, էս մարդիկ վաստակում են 200 հազար դրամից ավելի գումար, և էս մարդիկ պետության կողմից մի հատ 5 տոկոս են վերցնում տուրք՝ որպես ինքնազբաղվածմ անկանխիկի պարագայում՝ 4»:

Մինչ վարչապետը կպատասխանի նրանց նամակին, խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ բողոքի ցույցերի դուրս եկած վարորդներին մեկը մյուսի հետևից անդրադառնում կամ ընդունում են Փաշինյանի կաբինետի անդամները: Օրինակ՝ առողջապահության նախարարը:

«Ուրեմն, տեսեք՝ քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները ապահովագրվելու են 2027 թվականի հունվարի 1-ից», - ասաց Անահիտ Ավանեսյանը:

Օնլայն տիրույթում աշխատող տաքսիստները, որ գրանցված աշխատող չեն ու եկամտահարկ չեն վճարում, չեն կարող օգտվել առողջության պետական ապահովագրությունից, եթե անգամ նրանց ամսական եկամուտը կազմի 201 հազար դրամից ավելի:

Ավանեսյանին ուրախացրել էր վարորդների պահանջը, որ նրանք էլ են ուզում միանալ այս համակարգին. - «Ճիշտն ասած՝ ինձ համար շատ ուրախալի է, որ մեր տաքսի վարորդները, տեսնելով ապահովագրության այն կարևոր ձեռքբերումը, որը մեր այլ քաղաքացիներ ունեն, իրենք ևս հայտ են ներկայացրել, որ ընդգրկվեն ապահովագրության շրջանակներում: Մենք առաջիկայում իհարկե կքննարկենք էս հարցերը և կհասկանանք՝ ինչ հնարավորություններ ունենք, ըստ էության, մինչև 2027 թվականի հունվարի 1-ը նրանց ևս դիտարկելու»:

Հարցը քննարկվում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:

«Գործը ընթացքի մեջ ա, ծանոթացել են, թղթաբանության հետ էլ են ծանոթացել, հիմա մնում ա արձագանքեն: Մեզ ասին՝ լայնամասշտաբ հավաք վարորդերի հետ, նորից կհանդիպեն 20 վարորդի հետ», - փոխանցեց Արթուր Վարդանյանը:

Օրերս նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է վարորդների խմբին, առաջիկա շաբաթվա ընթացքում ևս մեկ հանդիպում կլինի, «Ազատությանը» փոխանցեց նախարարի խոսնակը:

Այժմ նախարարությունում քննարկում են, թե ինչպես լուծում տան վարորդների բարձրացրած, այդ թվում՝ առողջության ապահովագրության հարցերին:

«Մենք արձանագրում ենք առաջին փոքրիկ հաղթանակը առ այն, որ երեք նախարար արձանագրել են էս խախտումների փաստը», - նշեց Մեսրոպ Մանուկյանը:

Այդուհանդերձ, պետական գերատեսչությունները դեռ չեն հստակեցնում՝ արդյո՞ք հատուկ վարորդների համար պատրաստվում են օրենսդրական փոփոխություն անել:

Բողոքի ակցիան նախաձեռնած տաքսիստների գերակշիռ մասը Yandex-ի հետ է համագործակցում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` 120 հազար վարորդ է ներգրավված այս ընկերությունում: Yandex-ից «Ազատությանը» փոխանցել են՝ իրենք վարորդների հետ աշխատանքային կամ այլ ֆինանսական հարաբերությունների մեջ չեն, վարորդներն իրենց վարձու աշխատողները չեն, իրենք նրանց համար որևէ հարկ չեն վճարում և չեն տիրապետում տեղեկությանը, թե ստանո՞ւմ են վարորդները բժշկական ապահովագրություն, թե՞ ոչ:

Yandex-ից փոխանցում են՝ իրենք գործում են որպես էլեկտրոնային հարթակի օպերատոր, որը համագործակցում է այլ ընկերությունների հետ։ Այս ըներությունների միջոցով էլ վարորդները միանում են Yandex-ի համակարգին, ստանում պատվերներ:

Վարորդներն ասում են, որ պետությանը վճարում են իրենց վաստակածի 4-5 տոկոսը որպես պետական տուրք, և ամեն մի երթի 25-31 տոկոս գումարն էլ փոխանցում են պատվերը տվող ընկերությանը: Նրանք Yandex-ի գործընկերներին փոխանցվող տոկոսները համարում են բարձր ու ակնկալում են, որ Կառավարությունն այս հարցը ևս կլուծի:

XS
SM
MD
LG