Մատչելիության հղումներ

Նախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել

Հիվանդանոց Երևանում, արխիվ
Հիվանդանոց Երևանում, արխիվ

Կառավարությունից հաստատում են, որ ձերբակալվելուց հետո Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն տեղափոխված քաղաքացին ինքնասպանություն է գործել:

Առողջապահության նախարարության պարզաբանման համաձայն՝ «ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացին ոստիկանության որոշմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ընդունվել էր մայիսի 16-ին, որտեղ ենթարկվել էր նախնական զննության մասնագետների կողմից և ստացել համապատասխան բժշկական նշանակումներ»։

«Ցավոք, տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում։ Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին և իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումները, սակայն, ցավոք, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել», - փոխանցում է առողջապահական գերատեսչությունը:

Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ երեկ ժամը 18.07 «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

«Ա. Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն», - հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը:

Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել էր նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում նրան դեռևս մեղադրանք ներկայացված չէր:

«Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)», - հայտնել են Քննչականից:

Քննչականից «Ազատությանը» փոխանցեցին նաև, որ նոր քրեական վարույթ է հարուցվել Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանության փաստով:

Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

«Հոգեկան առողջության հաստատություններում գտնվող անձինք գտնվում են պետության հատուկ հոգածության և պաշտպանության ներքո, ուստի նման դեպքերը լրջագույն հարցադրումներ են առաջացնում կյանքի իրավունքի ապահովման, պատշաճ հսկողության, ինչպես նաև ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կիրառման վերաբերյալ։

Մտահոգիչ է և այն, որ խոսքը ազատությունից զրկված անձի մասին է, որի նկատմամբ պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու նրա անվտանգությունն ու առողջական վիճակին համարժեք խնամքը», - հայտարարում է ՄԻՊ-ը՝ ընդգծելով, որ նման դեպքերը պետք է դառնան իրավասու մարմինների կողմից անհապաղ, արդյունավետ և բազմակողմանի քննության առարկա, իսկ հոգեկան առողջության հաստատություններում վերահսկողության և ինքնասպանությունների կանխարգելման մեխանիզմները պետք է պատշաճ կիրառվեն և կատարելագործվեն։

Մանասյանը խոստանում է իրավասու մարմիններից պարզաբանումներ պահանջել դեպքի բոլոր հանգամանքների վերաբերյալ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG