Մատչելիության հղումներ

«Վիրավորական արտահայտություններ անելը հանցակազմ չի կազմում». շարունակվում է Սամվել Վարդանյանի գործով քննությունը


Դատարանն այսօր շարունակեց քննել Սամվել Վարդանյանի գործը։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդը մեկ տարվա ընթացքում երկու անգամ վիճել է իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ։

Նա մեղադրվում է խուլիգանության և համացանցում քաղաքական հայացքներով պայմանավորված պատգամավորի նկատմամբ խտրականություն, ատելություն տարածելու համար, մեղքը չի ընդունում։

Վարդանյանը ձերբակալվելուց հետո ահազանգեց իր նկատմամբ բռնության մասին, սակայն այս դրվագն ի տարբերություն պատգամավորի հետ միջադեպի, դատարան չի հասել, անգամ մեղադրյալ չկա։ Տուժող պատգամավորը նիստին ներկա չէր, Վարդանյանն էլ, որը տնային կալանքի տակ է, դատարան էր եկել ոստիկանի ուղեկցությամբ, նրան արգելված է խոսել լրագրողների հետ։

Վարդանյանի ու պատգամավորի վերջին հանդիպումը ավտոբուսում այս տարվա ապրիլին էր, երիտասարդը Ասլանյանին «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» էր անվանել։ Տարածված կադրերում երևում է, որ պատգամավորն, ի պատասխան, հարվածում է Վարդանյանին։ Իսկ ուղիղ մեկ տարի առաջ, էլի ապրիլին, Youtube-ում հեռարձակվող փոդքաստի հյուրն էր ու պատմել էր, թե ինչպես է փողոցում պատահաբար հանդիպել Հակոբ Ասլանյանին։

«Գործում քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն կամ խտրականություն չկա»

Այսօրվա նիստում փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատավորին բացարկ հայտնեց, որը, սակայն, մերժվեց։ Փաստաբանը պնդեց՝ դատավորը պաշտպանյալի տնային կալանքը երկարաձգելիս եզրակացրել է, որ Վարդանյանի արարքը քաղաքական հայացքներով պայմանավորված խտրականության ու ատելության դրսևորում է, հետևաբար, ազատության մեջ լինելով, Վարդանյանը կարող է ազդել վկայի և տուժողի վրա։ Ռուբեն Մելիքյանը, սակայն, պնդեց՝ այս գործում քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն կամ խտրականություն չկա:

«Մենք չենք ընդունում, որ ենթադրյալ արարքը կատարվել է տուժողի քաղաքական հայացքներով պայմանավորված, չենք ընդունում, որ այստեղ առկա է գաղափարական հակադիր բևեռների վիճակ, մեր պնդումն այն է, որ այստեղ առկա է իշխանություն - քաղաքացի հարթություն և իշխանության բարձր ներկայացուցիչների հաշվետվողականության և կոշտ քննադատության նկատմամբ զսպվածության իրավական պահանջի վիճակ: Մեր պնդումն այն է, որ գործ ունենք մեկ անհատի հետ, որը չունի որևէ քաղաքական աֆիլացիա», - նշեց փաստաբանը:

Մելիքյանն ասում է՝ Սամվել Վարդանյանը քաղաքական անձ չէ, որպես քաղաքացի իր բողոքն է արտահայտել իշխանության քաղաքականության առնչությամբ, հետևաբար, այս, ինչպես նաև խուլիգանության հոդվածը, չպետք է վերագրվեր նրան. - «Վիրավորական արտահայտություններ անելը հանցակազմ չի կազմում, էս հանցակազմի համար լրացուցիչ էլեմենտներ են պետք, որոնց մասին մենք կխոսենք»:

Քննչականից պնդում են՝ շարունակում են քննությունը՝ պարզելու Վարդանյանին առերևույթ խոշտանգելու հանգամանքները

Ապրիլին ավտոբուսի միջադեպի իր ձերբակալությունից հետո Սամվել Վարդանյանը հայտարարել, որ իրեն ծեծի են ենթարկել։ Փաստաբանները պարզաբանեցին, որ անհայտ անձինք գիշերով ծեծել են իրենց պաշտպանյալին Քննչականի տարածքում, երբ նա փաստացի ոստիկանների հսկողության ներքո էր: Ծեծի դրվագով գործի հարուցումից 2 ամիս անց որևէ մեղադրյալ ոստիկան չկա։

Գլխավոր դատախազությունից «Ազատությանն» ավելի վաղ փոխանցել էին՝ ստացել են Վարդանյանին ձերբակալելու և ոստիկանություն, ապա Քննչական տեղափոխելու տեսագրությունները, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։ Քննչականից պնդում են՝ շարունակում են քննությունը՝ պարզելու թե՛ ոստիկանների գործողությունները, թե՛ ձերբակալվածին առերևույթ խոշտանգելու հանգամանքները։

XS
SM
MD
LG