Մատչելիության հղումներ

Մուստաֆաևը Թեհրանում բանակցել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ


Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաև, արխիվ
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաև, արխիվ

Ադրբեջանի փոխվարչապետ, Հայաստանի հետ սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմից համանախագահ Շահին Մուստաֆաևը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Քննարկված հարցերը չեն հրապարակվել։

Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին Մուստաֆաևի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակումների մակարդակն առաջիկայում կբարձրանա։

«Իրանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի կապն այժմ հաստատված է, և հույս կա, որ այն կավելանա մինչև հաջորդ տարվա ամառը: Նաև առաջարկներ կան բանակցություններ վարել Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության ընդլայնման համար», - ասել է Իրանի էներգետիկայի նախարարը։

Նախօրեին Մուստաֆաևը բանակցություններ է վարել նաև Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ։ Այս հանդիպմանը Սադեղը կոչ է արել պատրաստել ճանապարհային քարտեզ՝ Իրանի և Ադրբեջանի միջև տարանցումը տարեկան մինչև 15 միլիոն տոննա հասցնելու համար:

«Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության համար, և ես վստահ եմ, որ այդ հարաբերություններն ապագայում է'լ ավելի կխորանան երկու երկրների շահերին համահունչ», - ըստ Tehran Times-ի՝ ասել է Իրանի տրանսպորտի նախարարը։

Երեկ Մուստաֆաևին ընդունել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և հանդիպման ժամանակ հայտարարել, մասնավորապես, որ որևէ երկրի ինքնիշխանություն չպետք է անտեսվի։

XS
SM
MD
LG