Մոտ մեկ ամիս է՝ իշխող ուժը արդարադատության նախարարի թեկնածու է փնտրում։ «Քաղաքացիական պայմանագրի» այսօրվա վարչության նիստը նույնպես այդ օրակարգով է՝ ում վստահել այդ պաշտոնը։
«Այսօր լինելու է վարչության նիստ, վարչության նիստից հետո վարչության լիազորված իմ գործընկերները, եթե լինի ընտրություն, դրա մասին անպայման տեղյակ կպահեն», - ասաց ՔՊ ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Քաղաքացիական պայմանագրից» չհերքեցին, որ հինգ թեկնածու է քննարկվելու այսօրվա նիստում։ Այս պահին հայտնի է նրանցից երկուսի անունները՝ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյան ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի տնօրեն Լիանա Ղալթախչյան։ Սարգսյանը երեկ հրաժարվել էր այս թեմայով մանրամասներ հայտնել։
Մամուլը գրել է նաև միջազգային ատյաններում Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի թեկնածության մասին։ Բայց ՔՊ-ից թեկնածուների մասին հրապարակավ խոսել չեն ցանկանում։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ մինչև նիստը փակագծեր չբացեց։
«Ես թեկնածուների, նրանց անունների, քանակի ու մնացած մանրամասների վերաբերյալ թույլ տվեք չհայտնեմ», - նշեց Կոնջորյանը:
«Քաղաքացիական պայմանագրից» ասում են՝ այս անգամ քննարկվող թեկնածուների խմբում իշխող կուսակցությունից մարդ չկա։ Մինչդեռ նախկին նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո ՔՊ-ականները պնդում էին, թե արդարադատության նախարարը պետք է թիմի անդամ լինի և հրաժարականին հաջորդած նիստում կուսակցականների էին առաջադրել։
Ի՞նչ փոխեց մեկ ամսվա փնտրտուքը
Ի՞նչ փոխեց մեկ ամսվա փնտրտուքը, ինչո՞ւ իշխող թիմում չգտնվեց արդարադատության նախարարի թեկնածու։ Կադրային պակաս կա՞։
«ՔՊ-ում կա կադրային բազա, պարզապես վարչությունն այն ստանդարտները, որ դրել է, այդ ստանդարտների համատեքստում մինչև այս պահն ընտրություն չի արել, ու բացի այդ նաև բազմաթիվ գործընկերներ կան, ովքեր այս պահին ներգրավված են այլ պաշտոններում աշխատանքի: Օրինակ՝ եթե նկատել եք, նաև գրվել է մամուլում, որ եղել են տարբեր թեկնածուներ, ովքեր ինքնաբացարկ են հայտնել, որովհետև իրենք այս պահին ներգրավված են այլ պաշտոններում: Ես էլ եմ կարծում, որ այն գործընկերներն, ում վստահվել է կոնկրետ կարգավիճակ ու աշխատանք... մեր խմբակցության ներսում հազար ու մի քննարկում կարող ենք ունենալ», - ընդգծեց Հայկ Կոնջորյանը:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որ կուսակից Արփինե Դավոյանի թեկնածությունն էր առաջադրել սկզբում, օրեր առաջ մտափոխվել էր։ Կողմ էր հնարավորություն տալ նրանց, որ ՔՊ-ական չեն։
«Հնարավորություն տանք թեկնածու ներկայացնել, որոնք այս պահին կամ ընդհանրապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ չեն: Դա կարծում եմ՝ ճիշտ որոշում է, նմանատիպ բազմաթիվ լավ փորձեր ունենք», - ասել է Սիմոնյանը:
Մինչև Գրիգոր Մինասյանի հրաժարականը, ՔՊ-ում ստորագրահավաք էր սկսվել նրա պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու համար։ Եվ մինչ վարչապետ Փաշինյանի հետ այդ հարցը կքննարկեին, Մինասյանը պաշտոնից հեռացավ ու ֆեյսբուքյան էջում գրեց՝ «ես էլ որոշեցի միանալ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին»։
Մինասյանն իր որոշումը հիմնավորել էր այսպես. «Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս»:
Նախկին նախարարը պարզել էր, որ իշխող խմբակցության 20 անդամի հետ խնդիր ուներ։ Ոչ անուններն էր հրապարակել, ոչ էլ իրենից դժգոհելու պատճառները։