Մատչելիության հղումներ

ՔՊ-ն կրկին արդարադատության նախարարի պաշտոնում որևէ թեկնածուի չի հաստատել


«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունն, «Ազատության» տեղեկություններով, այսօրվա նիստում ևս արդարադատության նախարարի պաշտոնում որևէ թեկնածուի չի հաստատել։

«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ինքնաբացարկ է հայտնել, մյուս երեք թեկնածուներից (Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան, պատգամավոր Արմեն Խաչատրյան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյան) որևէ մեկին էլ վարչությունը նախարարի պաշտոնի համար չի հաստատել։

Սոցիալական ցանցում վարչության նիստից կարճ տեսանյութ է հրապարակել վարչապետը։ Կադրերում երևում են չորս թեկնածուները, որոնք ամբիոնի մոտ ելույթ են ունենում։

Կուսակցությունն էլ տեղեկացրել է, որ «քննարկվել են կադրային բնույթի» հարցեր։

Ավելի քան 20 օր է՝ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է: Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո իշխող կուսակցության վարչությանը չի հաջողվում որևէ թեկնածություն հաստատել և ներկայացնել վարչապետ Փաշինյանին:

Ավելի վաղ «Ազատությունը» հայտնել էր, որ ՔՊ-ականներն առաջադրել են վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, Սուրեն Գրիգորյանի, Արմեն Խաչատրյանի ու Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունները: Բայց նիստը, որի ընթացքում պետք է այս թեկնածություններից մեկը հաստատվեր, չէր կայացել:

Մի փորձ էլ արվել էր դեռ 2 շաբաթ առաջ, սակայն անարդյունք: Վարչության անդամների առաջադրած չորս թեկնածուներից երեքն ինքնաբացարկ էին հայտնել, միակը, որ ցանկանում էր նախարար դառնալ, Արփի Դավոյանն էր: Սակայն, թիմակիցները նրա թեկնածությունը մերժել էին:

XS
SM
MD
LG