Երեկ ուշ երեկոյան ռուսաստանյան մի շարք տելեգրամյան ալիքներ տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են մի քանի անձինք մի տղամարդու քարշ տալիս Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանով, ապա նրան խցկում մեքենայի բեռնախցիկը։ Տեսանյութում լսվում է նաև տղամարդու օգնության կանչերը և ոստիկանություն դիմելու խնդրանքը։
Ականատեսների խոսքով՝ առևանգողները զինված են եղել:
Ավելի ուշ իրավապահ մարմիններին մոտ կանգնած Baza տելեգրամյան ալիքը հայտնել է, որ ոստիկանությունը փորձել է ձերբակալել առևանգողներին, սակայն նրանց հաջողվել է փախուստի դիմել:
Պարզվել է, որ առևանգվածը հայ գործարար Արեգ Շչեպիխինն է, որը, ինչպես նշված է իր սոցիալական ցանցերում, աշխատում է JSC Corporation SME-ում։
Astra տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Շչեպիխինն իր Instagram-ի էջում չեչեններին, Ալլահին և Ղուրանը վիրավորող տեսանյութեր է հրապարակել։
Շչեպիխինի մայրը տելեգրամյան ալիքներից մեկի հետ զրույցում պատմել է, որ որդին մահմեդականների նկատմամբ կտրուկ բացասական վերաբերմունք է սկսել դրսևորել արցախյան պատերազմից հետո, նրա խոսքով՝ Շչեպիխինը ակտիվորեն հետևում էր իրադարձություններին և շատ անհանգստացած էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքներից։
Հայազգի տղամարդու առևանգման գործով իրավապահների գործողությունների արդյունքների մասին առայժմ չի հաղորդվել։