Մոլդովացի օլիգարխ, քաղաքական երբեմնի ազդեցիկ գործիչ Վլադիմիր Պլախոտնյուկը արտահանձնվել է Քիշնև՝ երկրում սպասվող ընտրություններից առաջ համընդհանուր լարվածության ֆոնին:
Պլախոտնյուկը, որը ներգրավված էր տասնամյա վաղեմության բանկային խարդախության գործում՝ հայտնի որպես «դարի գողություն», Մոլդովայի մայրաքաղաք է ժամանել սեպտեմբերի 25-ին Հունաստանից: Հուլիսից նա այնտեղ էր պահվում:
Պլախոտնյուկի անունը կապվում է 2012-2014 թվականներին Մոլդովայի բանկից մեկ միլարդ դոլար անհետանալու հետ։ Մեկ միլիարդ դոլարը Մոլդովայի համախառն ներքին արդյունքի մեկ ութերորդ մասն է կազմում՝ 12 տոկոսից ավելին։ Կոռուպցիոն այդ գործով մեղավոր էր ճանաչվել նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը, 2019-ի դեկտեմբերին նա ազատ է արձակվել։
Սպասվում է, որ նա առաջին անգամ սեպտեմբերի 26-ին կկանգնի Քիշնևի դատարանի առջև:
Օլիգարխը նախկինում քաղաքական ապաստան ստանալու դիմում է ներկայացրել ԱՄՆ, սակայն մերժում է ստացել:
2020 թվականի հունվարին նրա ամերիկյան վիզան չեղարկվեց այն բանից հետո, երբ այն ժամանակվա պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ նրա «կոռուպցիոն գործողությունները խաթարում են օրենքի գերակայությունը» և Մոլդովայում ժողովրդավարական ինստիտուտների անկախությունը: