Մինսկը պատրաստ է Թրամփ-Պուտին-Զելենսկի բանակցություններ կազմակերպել, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում։
«Պետք է համոզել և համաձայնության գալ Զելենսկու հետ, քանի որ Զելենսկու թիկունքում ուկրաինական հասարակության զգալի մասն է։ Եթե ուզում ես, արի՛։ Բելառուսի սահմանից մինչև Կիև 200 կիլոմետր է։ Ինքնաթիռով կես ժամ կլինի։ Արի՛։ Եկեք այստեղ, նստենք։ Եկեք համաձայնության գանք՝ հանգիստ, առանց աղմուկի, առանց բղավելու։ Ասեք Թրամփին. ես նրան սպասում եմ այստեղ՝ Պուտինի և Զելենսկու հետ միասին։ Եկեք՝ նստենք ու հանգիստ համաձայնության գանք։ Եթե ցանկանում եք համաձայնության գալ», - ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտություններն այս տարի կկարգավորվեն։
«Ուկրաինան չափազանց փոքր է, որպեսզի ոչնչացնի այն աշխարհը, որում մենք՝ բոլորս՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան ապրում ենք։ Սա չափազանց քիչ պայթուցիկ ուժ է, ու մենք պետք է ավարտենք Ուկրաինայի հետ: Ավելի հեշտ կլինի վերջ դնել Մերձավոր Արևելքում հակամարտությանը, եթե ամերիկացիները դա ցանկանան։ Ես կարծում եմ, որ այդ խնդիրները մենք այս տարի կլուծենք», - ասել է Լուկաշենկոն՝ նշելով՝ եթե Բայդենը վերընտրվեր աշխարհն ավելի կմոտենար երրորդ համաշխարհային պատերազմին, իսկ Թրամփի ընտրությունը, Բելառուսի նախագահի կարծիքով, հնարավորություն կտա խուսափել այս սցենարից։