Մատչելիության հղումներ

Մինչև 15 հազար դրամ տուգանք՝ տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար. ԱԺ-ն կքննարկի նախագիծը


3-ից 15 հազար դրամ տուգանք՝ հասարակական տրանսպորտի համար չվճարելու կամ վճարման կարգը խախտելու համար. նախագծերի փաթեթն Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում քննարկվեց:

Օրինագիծը հանրային տրանսպորտի սակագինը փետրվարից 100-ից 150 դրամ դարձրած Երևանի քաղաքապետարանի աշխատակազմն է մշակել, բայց այն հանրային քննարկման է դրել ու խորհրդարանին ներկայացրել Տարածքային կառավարման նախարարությունը, քանի որ բոլոր համայնքներին է վերաբերում: Փոխնախարար Արմեն Սիմոնյանը, սակայն, նախագիծը ներկայացրեց իր իսկ բառերով՝ ընդհանուր, տուգանքների մասին չխոսեց: Ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունից հետո պարզաբանեց՝ մտադիր չէր նախագիծն ամբողջությամբ կարդալ.

Հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը բոյկոտող քաղաքացիներին տուգանելու համար իշխանությունները 3 օրենքում փոփոխություն և լրացում են առաջարկում: Նախագծով ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո վճարել ուղեվարձը, վավերացված տոմսը հսկիչների պահանջի դեպքում տրամադրել այն ստուգելու նպատակով, չներկայացնեն՝ կտուգանվեն: Չվճարելու կամ տոմս ունենալու, բայց չվավերացնելու դեպքում տուգանքը 10 հազար դրամ է, եթե արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ, տուգանվելու է 15 հազար դրամով:


Մնում էր միայն քաղաքացու համար գնդակահարություն ավելացնեք, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գնահատականն է նախագծին:

«Մարդն իրավունք չունի իր բողոքի ձայն արտահայտի, այսինքն՝ այն ժամանակ կարող էր իր բողոքի ձայնը բարձրացնել, հիմա չի կարող, դառնում է տուգանքի մատերիալ», - ասաց նա:

Օրենքի մեկ այլ փոփոխությամբ տրանսպորտի ուղեվարձը հավասարեցվել է տեղական վճարի, ինչն արդեն զրկում է հարցը հանրաքվեի դնելու հնարավորությունից: Տրանսպորտի սակագինը 100 դրամ պահպանելու հարցը հանրաքվեի էր պատրաստվում տանել Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

«Իրենք գիտեին, որ մենք հանրաքվեի ենք գնալու: Ասում էինք՝ օրենքով պետք է ստորագրեք, որ այս հարցը մտնի օրակարգ ավագանու, եթե այնտեղ բացասական եզրակացություն ստանա, մենք կգնանք 10 տոկոս ստորագրություն հավաքելու ճանապարհով և ի վերջո այդ հարցը դնենք հանրաքվեի», - նշեց նա:

Օրենսդիր մարմնում այսօր քննարկված նախագծով այս հնարավորությունից զրկվում են:

Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչությունը նախագծերի փաթեթում մի շարք խնդիրներ, նույնիսկ Սահմանադրության հետ հակասություններ է տեսել: Նախագծում ասված է, թե ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոբուսի սրահը և դրսի հատվածը, կանգառասրահները կարող են լուսանկարահանվել ու տեսանկահանվել օրենքով սահմանված կարգով:

«Ցանկանում ենք նշել, որ չկա օրենքով նախատեսված կարգ, որը կարգավորում է ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ժամանակ ավտոբուսի սրահի և դրսի հատվածի, կանգառասրահների լուսանկարահանումն ու տեսանկարահանումը: Կարևորելով ուղևորների լուսանկարահանումն ու տեսանկարահանումն օրենքով սահմանված կարգով իրականացնելը մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի և անձնական տվյալների պաշտպանության իրավունքի պահպանման տեսանկյունից՝ առաջարկում ենք նախագիծը լրամշակել նախատեսելով համապատասխան կարգավորումները», - նշել են մասնագետները:

Վարչությունը հստակ արձանագրել է, որ անձի գործողության կատարման պահին կատարված լուսանկարը, տեսանկարահանումը կամ ձայնագրումը չի կարող որպես իրավախախտում կատարած լինելու մասին ապացույց օգտագործվել անձի դեմ վարչական վարույթի ընթացքում: Խնդիր են տեսել նաև բանկային քարտով վճարելու դեպքում, քանի որ այդ պարագայում քաղաքացին որպես վճարման ապացույց չի կարող որևէ անդորագիր ցույց տալ, իսկ բանկային համակարգի մյուս տեղեկությունները այլ անձին տրամադրելը մարդու սեփականության իրավունքի պաշտպանության խախտման վտանգ է, քանի որ այդ տվյալները 2-րդ անձին տրամադրելու դեպքում կարող են լինել ֆինանսական զեղծարարություններ:

23 էջ կարծիքից ու տարբեր խնդիրներ ներկայացնելուց հետո փորձագետները եզրահանգել են նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական խնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի: Նախագծում խնդիրներ արձանագրեցին նաև իշխանական պատգամավորները:

Չնայած քննադատությանը, իշխանականների քվեարկությամբ նախագիծը դրական եզրակացություն ստացավ ու կքննարկվի վաղը մեկնարկող խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG