Մատչելիության հղումներ

MI6-ի ղեկավարը չի կարծում, թե Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է


MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուր, արխիվ
MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուր, արխիվ

Միացյալ Թագավորության հետախուզական ծառայության՝ MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը հայտարարել է, որ Պուտինը ստում է՝ պնդելով, թե Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է:

«Ուղիղ ասած՝ Պուտինը կծել է ավելին, քան կարող էր ծամել: Նա մտածում էր, թե հեշտ հաղթանակ է տանելու: Սակայն նա, և ուրիշ շատերը, թերագնահատում էին ուկրաինացիներին», - հայտարարել է Մուրը Թուրքիայում, որտեղ 2014-17 թվականներին Մեծ Բրիտանիայի դեսպանն է եղել:

MI6-ի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի նախագահի քամահրանքը մարդկային կյանքի նկատմամբ տարածվում է նաև իր իսկ ժողովրդի վրա: Ռուսաստանը, ըստ Մուրի, արդեն միլիոնից ավելի կորուստներ է ունեցել, որոնց մեկ քառորդը՝ սպանվածներ:

Ռիչարդ Մուրի խոսքով՝ ոչինչ չի վկայում, թե Պուտինը շահագրգռված է խաղաղ բանակցություններով, բացառությամբ՝ Ուկրաինայի լիակատար կապիտուլյացիայի պայմանով: Ռուսաստանի նախագահը սոսկ երևութականության համար է շարունակում բանակցությունները և մերժում է որպես անկախ պետություն գոյություն ունենալու Ուկրաինայի իրավունքը:

Երկարաժամկետ հեռանկարում, Մուրի կարծիքով, Պուտինն իր փառասիրությունը բարձր է դասում երկրի շահից՝ Ռուսաստանը տանելով դեպի անկում: Նա ներդրումներ է կատարում ռազմական ծրագրերում, այլ ոչ թե ենթակառուցվածքներում, կրթության և առողջապահության ոլորտներում: Եթե համաշխարհային հանրությունը տոկունություն ցուցաբերի, Ռուսաստանի նախագահը կկանգնի ընտրության առջև՝ կա՛մ իր իշխանությանը սպառնացող ներքին ճգնաժամի վտանգ, կա՛մ ողջամիտ համաձայնության կնքում, համոզված է MI6-ի ղեկավարը:

Դրսից՝ Իրանից, Հյուսիսային Կորեայից և Չինաստանից օգնությունը, ըստ Ռիչարդ Մուրի, թույլ է տվել Ռուսաստանին հետաձգել այդ ընտրությունը: Սակայն, բրիտանական հետախուզության ղեկավարի խոսքով, խաղաղությունը շահավետ կլիներ նաև ռուսաստանցիների համար:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG