Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան հայտարարել են Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին: Ինչպես սպասվում է, եկող շաբաթ դա կանի նաև Ֆրանսիան:
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ «Իսրայելի ներկայիս կառավարությունը մեթոդապես աշխատում է պաղեստինյան պետության ստեղծում թույլ չտալու վրա»:
«Պաղեստինի պետության այսօրվա ճանաչումը՝ Կանադայի և Մեծ Բրիտանիայի հետ, երկու պետության հիման վրա լուծման հասնելու միջազգային ջանքերի մաս է կազմում», - հայտարարել է Ավստրալիայի կառավարությունը:
«Երկու պետություն սկզբունքով հակամարտության կարգավորման հույսը նվազում է, բայց մենք չենք կարող թույլ տալ նրան մարել», - հայտարարելով Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշման մասին՝ ասել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը:
Միաժամանակ, Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում «Համաս» խմբավորման դեմ, որին ահաբեկչական է ճանաչում: «Համաս»-ը չի կարող ապագա ունենալ Պաղեստինի պետության ո՛չ կառավարման, ո՛չ անվտանգության ապահովման մեջ», - ընդգծել է Սթարմերը:
2024 թվականի մայիսի վերջին Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին հայտարարեցին եվրոպական երեք պետություններ՝ Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան:
Իսրայելը Պաղեստինի պետության ճանաչումը որակում է «կապիտուլյացիա տեռորի առջև», հիշեցնելով, որ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման ձեռքում տասնյակ իսրայելցի պատանդներ են մնում: