Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը խիստ դատապարտել է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունները՝ անընդունելի երևույթ համարելով:
Ըստ հաղորդագրության՝ Վեհափառ Հայրապետը Հայաստանում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի «Կիլիկիա» Մատենադարանի մատենադարանապետ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին պատվիրակել է, որպեսզի «իր մտահոգությունն ու դատապարտումը փոխանցի քաղաքական ու պետական պատասխանատուներին և նույնիսկ վարչապետին»:
Նշվում է, որ Վեհափառ Հայրապետի մոտեցումն այն է. «պետութիւն֊-եկեղեցի ներկայ վատառողջ վիճակը պէտք է վերջ գտնէ, եւ մեր ազգին ու Հայրենիքին գերագոյն շահերը կը պահանջեն, որ մեր ազգի երկու կարեւոր սիւներուն՝ պետութեան ու եկեղեցւոյ յարաբերութիւնը ըլլայ սերտ ու ամուր»։
Ավելի վաղ Արամ Ա կաթողիկոսը հայտարարել էր. «հանձնառու է հայրենիք գալու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու այլ պատասխանատուների հետ խորհրդակցելու՝ Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելու լուծումներ գտնելու համար:
«Յատկապէս վերջերս պարզուած մթնոլորտը մեր ազգի երկու ազգակերտ ու հայրենակերտ կառոյցներէն՝ Սուրբ Էջմիածինէն ու Ազգային Ժողովէն ներս, ինծի համար խորապէս ամօթալի է ու դատապարտելի», - նշել էր նա։