Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է ՔՊ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանին՝ ընդգծելով, որ Էջմիածնում ընտրողները վստահություն են հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և դրա քաղաքական ռազմավարությանը։
«Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելու առիթով և վաղարշապատցիներին՝ համեստ, բայց որպես կառավարիչ իր աշխատանքի արդյունավետությունը ապացուցած Մեխակյանին ընտրելու առիթով»,– գրել է վարչապետը։
Գրառման մեջ Փաշինյանը նաև անդրադարձել է Մայր Աթոռի հետ հակասություններին՝ ընդգծելով, որ այս ընտրությամբ քաղաքացիները «լիցք են տվել մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։
Վարչապետը նաև շնորհավորել է Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ այս արդյունքը որակելով որպես «2026 թվականի համապետական ընտրությունների հնչուն նախերգանք»։
«Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում»,– եզրափակել է նա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանի են անցնում երեք ուժեր՝ ՔՊ–ն, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։ ՔՊ-ն ավագանու 33 տեղից կստանա 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը՝ 12, իսկ «Մայր Հայաստան»-ը կստանա 2 մանդատ։
Դիտորդական առաքելությունները ՏԻՄ ընտրությունների ընթացքում պարբերաբար խախտումներ են արձանագրել, տարբեր քաղաքական ուժերի վստահված անձինք ահազանգել են ենթադրյալ ուղղորդումների, ցուցակներում մահացած կամ այլ անձանց տվյալների առկայության մասին: