Մեծ Բրիտանիան վերջերս մի քանի տասնյակ Storm Shadow թևավոր հրթիռներ է փոխանցել Ուկրաինային, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին։
Թերթը գրում է, որ հրթիռները Կիև են առաքվել մի քանի շաբաթ առաջ՝ Ուկրաինայի զինված ուժերի զինանոցում հեռահար հրթիռների պակասի մասին հայտարարությունների ֆոնին և սա, ըստ Bloomberg-ի, նման հրթիռների մատակարարման վերաբերյալ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի կաբինետի կողմից ընդունված առաջին որոշումն էր։
Նաև նշվում է, որ Storm Shadow-ները Կիևը ստացել է մինչև Ռուսաստանի խորքերում գտնվող թիրախներին հեռահար հրթիռներով հարվածելու Լոնդոնի թույտվությունը։
Բրիտանացի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։
Bloomberg-ը գրում է, որ անցյալ շաբաթ Ուկրաինան առաջին անգամ հարվածել է Ռուսաստանին հենց Storm Shadow հրթիռներով, իսկ ավելի վաղ դրանք օգտագործվել են նաև Ուկրաինայի կողմից բռնակցված Ղրիմի թիրախներին հարվածելու համար:
Բրազիլիայում՝ G20-ի գագաթնաժողովի ժամանակ, Սթարմերը հայտարարեց, որ իր կառավարությունը մտադիր է մեծացնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։
Նոյեմբերի 17-ին էլ հաղորդվել էր, թե Սպիտակ տունն արտոնել է արևմտյան հեռահար հրթիռների կիրառումը Ռուսաստանի դեմ, ինչից հետո Կիևն ամերիկյան ATACMS հրթիռներով Բրյանսկին էր հարվածել։
«Այս քայլերը կհանգեցնեն աղետալի հետևանքների», - արձագանքել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի այս հայտարարությունից հետո Ռուսաստանը պատերազմի ընթացքում առաջին անգամ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակեց Ուկրաինայի ուղղությամբ։