Մատչելիության հղումներ

Մերց. Բեռլինը պատրաստ է Կիևին մատակարարել Taurus հրթիռներ՝ եվրոպացի գործընկերների համաձայնությամբ


Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած Պահպանողական կուսակցությունների դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է Ուկրաինային մատակարարել մեծ հեռահարության Taurus թևավոր հրթիռներ՝ եվրոպացի գործընկերների հետ այդ հարցը համաձայնեցնելուց հետո։ Այս մասին նա ասել է ARD հեռուստաալիքի Caren Miosga հաղորդման ժամանակ, նրա խոսքերը մեջբերում է DW-ն։

«Ես միշտ ասել եմ, որ դա կանեմ [կհամաձայնեմ Ուկրաինային Taurus հրթիռներ մատակարարել], բայց միայն եվրոպացի գործընկերների հետ համաձայնությամբ»,- ասել է նա։

Մերցը հիշեցրել է, որ արևմտյան որոշ երկրներ արդեն Ուկրաինային հեռահար հրթիռներ են մատակարարում։ Նա մատնանշել է ԱՄՆ-ը, որը ATACMS հրթիռներ է փոխանցել Կիև, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:

«Բրիտանացիներն են անում, ֆրանսիացիներն են անում, ամերիկացիներն ամեն դեպքում», - հավելել է նա՝ նշելով, որ եթե մատակարարումները համաձայնեցվեն Գերմանիայի եվրոպացի գործընկերների հետ, ապա «Գերմանիան պետք է մասնակցի դրանց»։

Մերցը նախկինում բազմիցս կոչ է արել մեծացնել Կիևին ռազմական օգնությունը, այդ թվում՝ նրան տրամադրել Taurus հրթիռներ, որոնց առաքումն արգելափակվել է Օլաֆ Շոլցի կառավարության կողմից:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG