Հրաչ Մկրտումյանը 2 տարի առաջ է Երևանից Գյումրի տեղափոխվել: Շարժական գրաֆիկայի մասնագետը Գյումրիում գործող կրթական կենտրոններում է դասավանդում: Հիմա որոշել է այստեղ ուսանողի տուն հիմնել՝ «ԻմասՏուն»-ը: Նպատակը հյուսիսային մարզերի ու Ջավախքի ուսանողների հոսքը Երևանի փոխարեն Գյումրի տեղափոխելն է:
«Մարզերից եկած ուսանողներին Գյումրիում նաև կեցության պայմաններ ենք տրամադրում մինչև ուսանողը ինքնաբավ կդառնա, աշխատանք կգտնի և կկարողանա իր ծախսերը հոգալ: Մեր հեռավար նպատակը ապակենտրոնացված Հայաստանն է: Գյումրիում հաջողությամբ ծրագիրը իրագործելուց հետո շեշտը դնելու ենք մյուս մարզերի վրա», - նշեց Մկրտումյանը:
«ԻմասՏուն»-ն արդեն Գյումրիի կրթական մի քանի կենտրոնների հետ պայմանավորվածություններ ունի: Սկզբնական շրջանում 8 ուսանողի կկարողանան ընդունել:
27-ամյա Հրաչը նախ համակարգչով է ցույց տալիս, թե ինչպիսին է լինելու «ԻմասՏուն»-ը: Հետո արդեն այցելեցինք շինհրապարակ:
«ԻմասՏուն»-ը կառուցվում է Գյումրիի Ամերիկյան թաղամասում: Ամռանն այն արդեն պատրաստ կլինի ու կսկսի ուսանողների ընդունել:
Այս պահին գումար են հայթայթում սոցիալական հարթակով, նաև դրանից է կախված, թե երբ կավարտվի շինարարությունը: Որպեսզի անընդհատ ֆինանսական խնդիրների առաջ չկանգնեն, որոշել են նաև սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվել, մասնավորապես ուսանողական տուրիզմը զարգացնել:
Կառավարությունը մտադիր է բուհերին ու ուսանողությանը կենտրոնացնել Երևանի արվարձաններից մեկում նախատեսված Ակադեմիական քաղաքում: Պաշտոնյաների հայտարարություններից ենթադրվում է, որ դրա մի մասը պատրաստ կլինի 2030 թվականին: Հրաչը վստահ է՝ մեկը մյուսին չի խանգարի, քանի որ Գյումրիում արդեն իսկ կան մի քանի նոր նախաձեռնություններ, օրինակ, Լոզանի հյուրատնային ու Թումոյի խոհարարական դպրոցները, որոնք կարող են ուսանողական հոսքեր ապահովել:
Ավելի մանրամասն «Ազատության» ռեպորտաժում.