«Կարամ ասեմ՝ ակտիվ էր Արսենը, դրա համար ուզում են արանքից հանեն, ձեններս կտրեն: Մեր ձենը չի կտրվելու, ժողովուրդ, մենք միշտ էլ պայքարելու ենք: Ում ուզում եք՝ հատիկ-հատիկ փակեք, մեկ ա, էն վերջին կաթիլ արյունով, էն վերջին կաթիլ շնչով մենք պայքարելու ենք, մեր ձենը չի կը-տըր-վե-լո՛ւ», - հայտարարում է անհետ կորածի հայր Հովհաննես Պողոսյանը:
44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների հարազատներն այսօր Գլխավոր դատախազություն էին եկել մեկ պահանջով՝ ազատ արձակել մեկ ամսով կալանավորված Արսեն Ղուկասյանին ու արդար քննել նրա գործը:
Հովհաննես Պողոսյանն ու մյուսները ներս մտան՝ փոխանցելու իրենց բախտակցի բժշկական փաստաթղթերը: Ղուկասյանը, որ փնտրում է պատերազմում անհետ կորած եղբորորդուն, մեղադրվում է խուլիգանության ու վարույթի նախաքննությանն ու պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով:
«Չի արել, Արսենը չէր կարա խուլիգանություն աներ, որովհետև Արսենը խուլիգան չի, Արսենը պարկեշտ մարդ ա, ադեկվատ: Մենք գնացել ենք մեր էրեխեքին պահանջենք, մենք հո չենք գնացել էնտեղ խուլիգանություն անենք: Սաղս բորբոքված ենք էղել, սաղս, ո՞ւմ էրեխու մասին խոսաս՝ չբորբոքվի», - ասաց Հովհաննես Պողոսյանը:
Անցած շաբաթ անհետ կորածների հարազատները Պաշտպանության նախարարության մոտ էին հավաքվել կրկին իրենց տանջող հարցերով՝ որտե՞ղ են իրենց զավակները, ու ի՞նչ է անում պետությունը նրանց հայտնաբերելու համար: Շենքի անցակետի մոտ իրադրությունը մի քանի անգամ լարվել էր, ծնողները փորձել էին մուտքը փակել, ընթացքում ոստիկաններն էին ավելացել: Արսեն Ղուկասյանը ևս այդտեղ էր, լարվել էր, ինքնազգացողությունը վատացել էր:
«Էսօր երկրի ղեկավարն ասում ա՝ Արցախը դա Ադրբեջան է, դա Ադրբեջանի սուվերեն տարածքն է: Էդ դեպքում հարց՝ բա ինչի՞ էիք տանում մեր էրեխեքին Ադրբեջան: Դե հիմա այ սենց, հելեք սենց սաղովի, գնացեք Ադրբեջան, գնացեք դուք Ադրբեջան, մեր էրեխեքին բերեք Ադրբեջանից, դուք եք ախր տարել, ես չեմ տարել», - մասնավորապես ասել էր Ղուկասյանը:
Արսեն Ղուկասյանի ընկերը՝ Մհեր Պողոսյանը, տարակուսած է՝ ինչո՞ւ հենց նրան կալանավորեցին, հարցնում է ու ինքն էլ պատասխանում. - «Էնքան են ցածրացրել, խուլիգանությունը, այսինքն, չի կարելի, մի մարդու անսահման ցավին ու կորստին վերագրել նման բան՝ խուլիգանություն արտահայտությունը, դա մարդկային ցածր հատկանիշ ա, կամ ուղղորդված, ինչի՞ հենց Արսենին: Արսենին չեք կարա կոտրեք: Ուզում են կոտրեն, որ իբր հանդարտվի, պահանջ չլնի, բան չլնի»:
Ընկերն անհանգիստ է՝ Արսենի եղբայրը պատերազմում է զոհվել, եղբոր որդին անհետ կորած է. այս ամենից հետո ինֆարկտ, ինսուլտ է տարել, ո՞նց կարող է դիմանալ բանտում:
«Ի՞նչ եք ուզում, բազմաթիվ խնդիրներով, հիվանդություններով էդ տղեն, դուք կալանք եք դնում՝ երկրորդ կարգի հաշմանդամ, ստիմուլյատորը դրած, Աստված չանի եթե մի բան լինի, ո՞ւմ խղճի վրա ա լինելու դա», - ընդգծեց Պողոսյանը:
Նույն այս հարցերի շուրջ է հիմա աշխատում Ղուկասյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
Իշխանական լրատվամիջոցներն այսօր շրջանառեցին մի տեսանյութ՝ պնդելով, թե Պաշտպանության նախարարության շենքի մոտ Արսեն Ղուկասյանը մեքենայի բեռնախցիկից ձողի նմանվող առարկա է հանել և հարձակվել ոստիկանների ուղղությամբ: Փաստաբանն ասաց՝ հենց սա են որակել խուլիգանություն, այն դեպքում, երբ դա իր ձեռնափայտն է, որը զայրույթի պահին ճոճել է օդում և որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել:
«Փորձում են ներկայացնեն մետաղական ձող, մինչդեռ էդ մետաղական ձող չի՝ էդ ձեռնափայտ է, որը ցուցված է կրելու Արսեն Ղուկասյանին, այո, ինքը ձեռնափայտը վերցրել է, ձեռնափայտը մահակ չի, մետաղական ձող չի, իր անձնական օգտագործման ձեռնափայտն է, ուղղակի տեսնում եք, որ ճոճում է օդում, որևէ մեկին դրանով որևէ հարված չի հասցրել: Ինքը ասել է, որ «զայրացած եմ էղել, օդում ճոճել եմ, բայց որևէ մեկին հարվածելու մտադրություն չեմ ունեցել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սողոյանը:
Անհետ կորածների հարազատները այս միջադեպից առաջ՝ 44 օրյա պատերազմի տարելիցին՝ շաբաթ օրն էլ էին գնացել Պաշտպանության նախարարություն, որտեղ վստահեցրել էին՝ կընդունեն երկուշաբթի: Երկուշաբթի վերադարձել էին հույսով, որ իրենց կընդունեն, սպասել էին յոթ ժամ, որից հետո նրանց ներս էին կանչել, ասել, թե կընդունի պաշտոնյաներից մեկը, ում հետ, սակայն, հարազատները հարցեր քննարկելու իմաստ չէին գտել, դուրս էին եկել շենքից, դժգոհել, բողոքել, պահանջել, որ իրենց հարցերին պատասխանի հենց Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: Իրավիճակը լարվել էր, և միայն այս բողոքներից հետո՝ ուշ երեկոյան նրանց ընդունել էր շտաբի պետը: Հաջորդ օրը ռազմական գերատեսչությունը պնդել էր, թե ակցիայի մասնակիցների նկատմամբ նախարարության ծառայողները հարգալից են եղել, ոչ մեկի նկատմամբ բիրտ ուժ չի կիրառվել, ավելին՝ ակցիայի որոշ մասնակիցներ Ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել: Եվ ահա այս հայտարարությունից մեկ շաբաթ անց երկու հոգու մեղադրանք առաջադրվեց: Մյուս մեղադրյալը՝ Ապիջան Գևորգյանը, ազատության մեջ է:
Ինչո՞ւ Քննչականը միջնորդեց կալանավորել հենց Ղուկասյանին: Փաստաբանի փոխանցմամբ՝ քննիչը գրել է, որ Ղուկասյանը ազատության մեջ կարող է նորից ակցիաներ կազմակերպել:
«Ամբողջ աբսուրդն է կայանում: Ընդ որում, ասեմ՝ չեն ասում, որ կկազմակերպի ինչ-որ անկարգություններ, այլ ասում են՝ հավաքներ կկազմակերպի», - ընդգծեց Տաթևիկ Սողոյանը:
Ղուկասյանի փաստաբանը կալանավորման որոշումը բողոքարկելու է Վերաքննիչում: