Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում ասել է. «Մեր հարաբերությունները զարգանում են, զարգանում են լավ, գրեթե 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք»:
Նա շեշտել է, որ վիճակագրական տվյալներով՝ Հայաստանի հետ 2024 թվականին 11,7 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն է եղել ունեցել, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
«Հարաբերությունները զարգանում են նաև բոլոր մյուս ուղղություններով: Մենք միշտ ունենք խոսելու թեմաներ, չնայած վերջերս ենք հանդիպել, ամեն դեպքում շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում», - հավելել է Պուտինը:
Վարչապետ Փաշինյանն էլ ասել է, որ այժմ աշխատում են և փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր՝ փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, և այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունեն ՌԴ-ի հետ: Փաշինյանն ընդգծել է, որ արդյունավետ համագործակցում են «Ռոսատոմ» կորպորացիայի հետ:
Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն «ըստ նախատեսվածի զարգանում են»: Ըստ կառավարության հաղորդագրության՝ Փաշինյանն ընդգծել է. « Դուք ընդգծեցիք փոխադարձ առևտրաշրջանառությունը, ճիշտ է, այս տարի որոշակի անկում է նկատվում, դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մեր փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-2024 թվականներին:
Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է, և իսկապես ունենք քննարկելու բազմաթիվ հարցեր»:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության պայմանագրի նախաստորագրումից և «Թրամփի ուղու» ծրագրի շուրջ հայ-ամերիկյան պայմանավորվածություններից հետո սա Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների երկրորդ հանիպումն է, մինչ այս նրանք հանդիպել էին անցած ամիս Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում:
Հայաստանի վարչապետը երեկ է Ռուսաստան ժամանել՝ մասնակցելու «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: