Ոստիկանության տվյալներով՝ Մեխիկոյում հակակառավարական ցույցերի ընթացքում բախումների հետևանքով վիրավորվել է առնվազն 120 մարդ, որոնցից 100-ը՝ ոստիկաններ։ Ըստ պաշտոնական աղբյուրների, նրանցից 40-ը հոսպիտալացվել են։
Մեխիկոյի քաղաքապետ Կլարա Բրուգադան X սոցիալական ցանցում պնդել է՝ քաղաքացիների բողոքի իրավունքը չպետք է բռնության ենթարկվի, միաժամանակ՝ խստորեն դատապարտել «ցուցարարների արմատական խմբի կողմից կատարված» գործողությունները։
Շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ փողոց էին դուրս եկել Մեքսիկայի մայրաքաղաքում՝ բողոքելով բռնի հանցագործությունների և նախագահ Կլաուդիա Շեյնբաումի քաղաքականության դեմ։ Հանրահավաքը կազմակերպվել էր «Z սերունդ» երիտասարդական խմբերի կողմից, որոնք սոցիալական ցանցերում տարածել էին մանիֆեստ՝ բողոքելով երկրում տարածված բռնությունից, կոռուպցիայից և իշխանության չարաշահումից։
Ցուցարարներն ապամոնտաժել էին նախագահական պալատի արգելապատնեշի մի մասը, ինչից հետո ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել: