Մատչելիության հղումներ

Մեքենաների կողային հայելիների գողությունները՝ անպատժելիության հետևանք


Երևան, կայանված ավտոմեքենաներ, արխիվ
Երևան, կայանված ավտոմեքենաներ, արխիվ

«Նույն տեղից, նույն ոնց որ իրավիճակում հայելիները տարան». - Մանյա Սարգսյանի մեքենայի կողային հայելիներն ընդամենը երկու շաբաթվա տարբերությամբ երկու անգամ գողացել են, գրեթե նույն ժամին ու նույն տեղից՝ Կոմիտասի պողոտայից, որտեղ շուրջբոլորը տեսախցիկներ են։

«Առաջին անգամ, ընդ որում, կոտրել էին, չէին կարողացել ամբողջությամբ, էդպես, անվնաս հանեին, իսկ երկրորդ անգամ ամբողջությամբ հանել էին կողային հայելին իր ամեն ինչով», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Մանյան:

Նա ոստիկանություն չի դիմել՝ նախորդ դառը փորձի պատճառով։ Մի քանի տարի առաջ ավտոտնակից մեքենայի անվադողերն էին գողացել, ասում է՝ ոստիկանները եկան, գնացին, մի քանի անգամ ինքը ոստիկանություն ներկայացավ, բայց՝ ապարդյուն. - «Երևի մեկուկես ամսվա ընթացքում ինձ ուղղակի տարան-բերեցին, ինչ-որ տարբեր հարցեր էին տալիս՝ սկսած նրանից, թե ում եմ ես կասկածում, ինձ թվում է, որ դա իրենց գործն է, հա՞: Ու քանի որ վստահություն չկար, ոնց որ երկրորդ անգամ ավելի քիչ ֆինանսական վնաս էր, ես ուղղակի ժամանակը խնայելու համար դա չարեցի»:

Ավելորդ քաշքշուկներից զերծ մնալու համար ոստիկանություն չի դիմել նաև մեկ այլ վարորդ, որի մեքենայից ևս երկու անգամ գողացել են կողային հայելիները, հետո էլ՝ Տելեգրամի օգտահաշվով գումար պահանջել, որ վերադարձնեն դրանք։ Այդ օգտահաշիվներում հեռախոսահամարը թաքցված է:

«Առաջինի դեպքում Տելեգրամը աշխատող էր, կարացի կապի դուրս գամ և չերեզ կրիպտո վճարումը կատարեմ, և ինձ ուղարկեցին լոկացիա՝ շատ խուլ մի տեղ: Երկրորդի դեպքում էն ինչ որ ուղարկել էին, ոչ մի բանը չէր աշխատում, և ստիպված եղա, ոնց որ ասած, նորը գնել, որը արդեն բավականին թանկ հաճույք էր», - «Ազատությանը» պատմեց վարորդը:

Օգտահաշվի անվանումը գողերը նախապես են թողնում մեքենայի վրա, որ վարորդների հետ հայելիները վերադարձնելու բանակցություններ սկսեն։ Սովորաբար գողությունից հետո շուկայականից ավելի մատչելի գներով են վաճառում գողոնը, ընդ որում՝ գործարքը կրիպտոարժույթով են անում, որպեսզի իրենց հետքը գտնելը գրեթե անհնար լինի:

«Տելեգրամ ալիքի նիկնեյմ, այսինքն՝ համար չէ, էդ նիկնեյմով եթե ուզում ես խոսել հետները, բանակցել, իրանք հետո գումար են պահանջում էդ հայելին վերադարձնելու համար: Շուկայական գներին շատ լավ տեղյակ են, ամեն ինչին շատ լավ տեղյակ են, էնպիսի գումար են առաջարկում, որ շահավետ լինի իրենցից վերցնել», - պատմեց վարորդը՝ շարունակելով. - «Մի երկու օր առաջ ընկերոջս մեքենայի ապակիներն էին տարել, նույն պրոցեսի մեջով ինքը անցավ և իրա հայելիները հետ ստացավ, և դե մեր տարածքում էս վերջին երկրորդ անգամվա ժամանակ մի շաբաթվա մեջ երևի մի յոթ-ութ ավտո տենց բախտի էին արժանացել»:

«Իմ մեքենայի հետ առաջին դեպքն ա, բայց մեր բակում, մեր տարածքում տենց պարբերաբար եղել են դեպքեր, մեքենայի անվադողեր են գողացել ... », - ասաց մեկ այլ վարորդ:

«Իհարկե ես միակը չեմ, դեպքերը շատ տարածված են», - ասաց Մանյա Սարգսյանը:

Պաշտոնական վիճակագրությունը, մինչդեռ, համեստ թվեր է նշում. ոստիկանությունը տարեսկզբից մեքենաների կողային հայելիների գողության 580, շորթման 178 դեպք է գրանցել, ընդ որում՝ դրանց կեսն անգամ դեռ չի բացահայտվել։

Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ավագ լեյտենանտ Դավիթ Դիպլոշյանի խոսքով՝ «բացահայտվել են գողության 150 դեպքը և շորթման 34 դեպքը»:

«Անցած տարվա համեմատ 2024 թվականին ունեցել ենք մեքենայի կողային հայելիների 349 գողության դեպք և շորթման 10 դեպք, բացահայտվել է գողության 25 դեպքը», - նշեց Դիպլոշյանը:

Վիճակագրության մեջ ներառված են միայն այն դեպքերը, երբ քաղաքացիները գողությունից, շորթումից հետո դիմել են ոստիկանություն։

«Ներկա պահին ոստիկանության տեսադաշտում է հայտնվել մի քանի հանցավոր խումբ, ովքեր զբաղվում են մեքենաների տարբեր պահեստամասերի գողությամբ: Ամեն ինչ անում ենք, որպեսզի վերջիններիս մերկացնենք հանցափաստի մեջ և հայտնաբերենք, բացառենք նման դեպքերը գողության», - ասաց ոստիկանության ավագ լեյտենանտը:

Չբացահայտված դեպքերից բացի, գողության գործերով հարյուրավոր կարճված վարույթներ կան։ Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ միայն անցած տարի գողությունների քրեական 1149 քրեական վարույթ է կարճվել։ Պաշտոնական տվյալների մեջ, սակայն, արտացոլված չեն կարճման պատճառները։

Մինչդեռ վարորդները պնդում են՝ իրավապահները հետևողական չեն նման գործերով։

«Խնդիրը անպատժելիությունն է, այսինքն՝ մանր գողությունները մեր երկրում չեն դատապարտվում, հետևողական չի լինում, որ գնա ինչ-որ դատական պրոցես, վերադարձ կորստի և այլն՝ դրա մասին խոսք էլ չկա: Ես չեմ լսել մի դեպք, որ մարդկանց ինչ-որ վնաս փոխհատուցեն կամ գտնեն ինչ-որ մեկին, չգիտեմ, ինչ-որ մեքենայի գողության համար», - ընդգծեց Մանյա Սարգսյանը:

Կողային հայելիների գողությունների, շորթումների մեծ մասը հենց Երևանում են տեղի ունենում։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG