Առավոտյան Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժը, որ Գյումրիում 4-6 բալլ ուժգնությամբ է զգացվել, ամենավթարային՝ Անտառավան 26 շենքի բնակիչների վախի հերթական չափաքանակն էր ստուգել:
«Մարտի 8-ին մեզ շատ շատ լավ նվեր եղավ: Ափալ-թափալ հագնվեցինք: Ահավոր վախեցել էինք», - ասաց բնակիչներից մեկը՝ հավելելով, որ երեխաներին այլ տեղ են ուղարկել, դեռ անհանգիստ են:
«Մի օր կբլի, կմնանք տակը: Չեն մտածում, ոչ մեկն էլ չի մտածում», - հավելեց մեկ այլ բնակիչ:
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ 6 մարզերում ու Երևանում գրանցված երկրաշարժից տուծածներ չկան, փոքր փլուզման երկու ահազանգ են ստացել: Ընդգծում են, որ հետցնցումները որոշ ժամանակ հնարավոր է շարունակվեն: Իսկ Անտառավան 26-ում փորձում են իրենց մասին հիշեցնել: Քանդման ենթակա շենքում 10 ընտանիք է ապրում՝ սպասելով պետության խոստացած բնակարանի գնման վկայագրերին, չնայած շատերն արդեն հույս էլ չունեն, թե դա շենքի փլուզումից առաջ տեղի կունենա:
Բնակիչներից Մարինե Գրիգորյանը, որ դժվարանում է բառերով նկարագրել իրենց պայմանները, Տարածքային կառավարման նախարարություն է պարբերաբար զանգում: Գերատեսչությունից, նրա խոսքով, ասել են՝ վկայագրի հարցը լուծվել է, բայց այդ զանգից շաբաթներ են անցել, ու հիմա լռություն է, զանգերին էլ չեն պատասխանում: Տարեց կինը հույսը Գյումրիի առաջիկա ընտրությունների հետ է կապում:
Այսօրվա երկրաշարժից վախեցած բնակիչները պատրաստվում են կրկին բոլոր դռները թակել, մինչև իրենց խնդրին լուծում տրվի: