Մատչելիության հղումներ

Մանուկյանը շարունակում է պնդել՝ Սահմանադրությունը Բաքվի պահանջով է փոխվում


Թեև արդարադատության նախարարի մակարդակով արդեն պաշտոնապես հայտարարվեց, որ սահմանադրական հանրաքվեն 2027 թվականին է անցկացվելու, Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը շարունակում է պնդել, որ դա Ադրբեջանի նախագահի պահանջով է կատարվում:

«Այո, նորից պնդում եմ, որովհետև ամբողջ Սահմանադրության, նոր Սահմանադրություն ընդունելու շուրջ քննարկումները ի վերջո ծավալվեցին նախաբանի փոփոխության հետ կապված: Եվ դրան զուգահեռ՝ այն փաստաթղթի նախագծին, որ մենք ծանոթացել էինք Արտաքին գործերի նախարարությունում՝ Հայաստան - Ադրբեջան բանակցությունների սեղանին դրված, առնվազն այդ փաստաթղթի նախագծով հստակ էր, որ Հայաստանը ինչ-որ բաներ պետք է զիջի», - ասաց Մանուկյանը «Ազատությանը» տված հարցազրույցում:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ հայ դիվանագետները դա չեն թաքցնում. - «Հա, մենք էլ կասենք»՝ մի անգամ Արարատ Միրզոյանը սխալվեց՝ հայտարարելով, որ Ադրբեջանի Սահմանադրությունում էլ խնդրահարույց դրույթ կա, Ադրբեջանի կոշտ պատասխանից հետո հայկական կողմը մոռացել է, և վերջերս ադրբեջանցի պաշտոնյաների իրարահաջորդ հայտարարություններին չի հետևել որևէ հանգամանալից հերքում, պարզաբանում: Ցանկացած տարրական լուրի հետ կապված Նիկոլ Փաշինյանը ժամերով խոսում է, բայց այս հարցով որևէ բան չի խոսում: Արդարացում կամ ձևակերպումը ընդհանուր հնչում է ԱԳՆ-ի կողմից՝ «Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության ներքին [գործն է]»:

«Բայց 27 թվին՝ նշանակում է՝ մինչև 27 թիվը խաղաղության պայմանագիր չի լինելու», - այս դիտարկմանը Մանուկյանն արձագանքեց. - «Չէ, եթե հետևենք ադրբեջանցի պաշտոնյաներին, և, ցավոք սրտի, տեղեկատվության աղբյուրները այնպիսին են դարձել, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները մեծամասամբ հաստատվում են, հստակ նշվում է, որ կա խոստում: Իսկ անցնող չորս տարին, ցավոք սրտի, Հայաստանում շատ հաճախ գործընթացները ընթացել են Նիկոլ Փաշինյանի բանավոր խոստումների հիման վրա, որը մի օր՝ մեկ տարի հետո, երկու տարի հետո, ցավոք սրտի, դարձել է իրականություն»:

«Եթե անգամ այդպիսի խոստում լինի, կարծում եք՝ Ադրբեջանը կստորագրի՞ խաղաղության պայմանագիրը, մինչև չտեսնի, որ հանրաքվեի արդյունքներով փոխվել է Սահմանադրությունը», - այս հարցին էլ դաշնակցական պատգամավորը պատասխանեց. - «Նայեք, իրականում շատ մեծ արժեք ենք տալիս այդ փաստաթղթին՝ կոչելով խաղաղության փաստաթուղթ: Ցավոք սրտի, ինքը իրականում մի հատ թղթի կտոր է լինելու, եթե նույնիսկ ստորագրվի, որտեղ ուղղակի գրված է լինելու վերնագիր, միջազգային նորմերի մեկ-երկու դրույթ, ու վերջ, որը ուղղակի Նիկոլ Փաշինյանի համար դառնալու է քարոզչական հնարք <...>: Բայց բոլոր հիմնախնդիրները, անհամաձայնությունները թողնվելու են ապագայում, և դրանով իսկ՝ իրական խաղաղության փաստաթուղթ չի, որ ստորագրվելու է, լոկ քարոզչական հնարք է լինելու, բայց հիմնախնդիրները՝ սահմանազատման, նաև կոմունիկացիաների հարցը, միջազգային ատյաններում հայկական կողմի ներկայացված հայցերի հարցը, ամբողջը թողնվում է մի կողմ: Եվ չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ այդ դրույթներն էլ, որ ստորագրվեն, վաղը այդ դրույթները կենսագործունեություն են ունենալու, որովհետև նաև երաշխավորներ չկան»:

Ինչ վերաբերում է Երևանի հայտարարությանը 2027-ին սահմանադրական հանրաքվե անցկացնելու մասին, ինչը նշանակում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքվի առաջադրած պահանջը չի կատարվում, Մանուկյանը հայտարարեց. - «Չէ, այստեղ գործընթաց մի քիչ այլ կերպ է գնում: Ի սկզբանե էր Ադրբեջանի այդ պահանջը, բայց ինքը, առնվազն հրապարակված պաշտոնական խոսքերից այն տպավորությունն է, որ ամբողջովին անատամ մի փաստաթուղթ է, որը որևէ մեկին պարտավորության տակ չի դնում՝ ո՛չ հայկական կողմին, ո՛չ ադրբեջանական կողմին, և Ադրբեջանը շարունակելու է իր պահանջները ներկայացնել ու ստանալ այն պահանջները, որը ներկայացնում է»:

«Բայց դրանից չստացվեց, որ Փաշինյանը կատարում է պահանջը և փոխում է Սահմանադրությունը, որովհետև մինչև 27 թիվը այնքան ջրեր կարող են հոսել», - այս դիտարկմանն էլ ընդդիմադիր խորհրդարանականն արձագանքեց. - «Այո, մինչև 27 թիվը շատ ջրեր կարող են հոսել, բայց վերջին ամիսների զարգացումները նաև մի ուրիշ բան ցույց տվեցին, որ լինում են շատ հաճախ խոստումներ, որոնց մասին հանրությանը չեն տեղեկացնում, որը հետո տարբեր ձևի փաթեթավորմամբ մատուցում են որպես մեծ առաջընթաց, ինչպես եղավ Տավուշում սահմանազատման հարցը: Իրականում բոլորին էլ հասկանալի է, որ այդպիսի պահանջ Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ կար. լռություն էր, ոնց որ ամեն ինչ նորմալ էր, մեկ էլ մի օրվա մեջ պայթեց ու փորձ արվեց ներկայացնել, որ վերջապես փրկվում է Հայաստանը, սահմաններ ունենք գծած: Արդեն հասնում ենք սեպտեմբեր՝ Տավուշի, Կիրանցի հատվածից զիջումներից բացի որևէ այլ գործընթաց չկա»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG