Մատչելիության հղումներ

Բայրամովն Անկարայում բողոքեց ՀՀ Սահմանադրությունից, Հայաստանի «ռազմականացումից»


Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Անկարայում, 27-ը օգոստոսի, 2024թ.
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Անկարայում, 27-ը օգոստոսի, 2024թ.

Հայաստանի ռազմականացումը տարածաշրջանում սպառնալիքի աղբյուր է, Հայաստանի Սահմանադրությունը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտ․ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ կրկնել է Բաքվի այս պնդումները, այս անգամ՝ Անկարայում, թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի ներկայությամբ:

«Չնայած այն հանգամանքին, որ բանակցային գործընթացում նկատվում է դրական դինամիկա, և համաձայնեցված է պայմանագրի նախագծի զգալի մասը, Հայաստանի Սահմանադրության և մի շարք այլ իրավական ակտերում Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները դեռ պահպանվում են», - հայտարարել է Բայրամովը:

Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի ու Ղարաբաղի դեմ պատերազմներից հետո շարունակում է զենք գնել և տարեցտարի մեծացնում է իր ռազմական բյուջեն, բայց վտանգավոր է համարում, երբ Հայաստանն է փորձում իր զինանոցը համալրել:

«Մտահոգիչ է նաև Հայաստանի ակտիվ զինվելը։ Մենք կարծում ենք, որ երրորդ երկրների կողմից աջակցվող նման քաղաքականությունը սպառնալիքի նոր աղբյուր է տարածաշրջանում անվտանգության համար», - Անկարայում ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Թուրքական դիվանագիտության ղեկավարը, որ ադրբեջանցի պաշտոնակցին հրավիրել էր քննարկելու տարածաշրջանային հարցեր՝ այդ թվում հայ - ադրբեջանական կարգավորումը, իր կողմից պահանջները չհնչեցրեց, չանդրադարձավ նաև հայ - թուրքական հաշտեցման գործընթացին։ Փոխարենը՝ կրկնեց Անկարայի վճռական աջակցությունը Բաքվին, հարկ համարելով շեշտել, որ եղբայրական պետությունները միևնույն դիրքերից են հանդես գալիս Հարավային Կովկասում խաղաղության ապահովման հարցում:

«Վստահ եմ, որ մենք հետագայում էլ կամրապնդենք մեր բարեկամական, եղբայրական կապերը՝ սերտորեն աշխատելով ի շահ մեր երկրների», - հայտարարել է Ֆիդանը:

Ի դեպ, Բայրամով-Ֆիդան բանակցություններից ժամեր անց հարցերի նույն շրջանակը քննարկեցին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները։

Չնայած Պուտինն ու Ալիևը ընդամենը 9 օր առաջ են դեմ առ դեմ հանդիպել ու երկու օր շարունակ բանակցություններ վարել, այդուհանդերձ, դատելով պաշտոնական հաղորդագրությունից, նրանք հայ - ադրբեջանական օրակարգին վերադառնալու անհրաժեշտություն տեսան։

Կրեմլի փոխանցմամբ՝ նախագահները շարունակել են քննարկումները խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ։

Սրան հաջորդեց Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե Ադրբեջանը Նախիջևանին միացնող երթուղու հարցը քննարկվում է ապաշրջափակման խմբի շրջանակում: «Եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքն իրականացվում է եռակողմ համաձայնագրերի շրջանակներում (Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն)»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը:

Եվ սա այն դեպքում, երբ Բաքուն ու Երևանն վերջերս հայտարարեցին, թե որոշել են դուրս թողնել ապաշրջափակման վիճահարույց հարցը խաղաղության պայմանագրից։

«Բաքուն, սակայն, Զանգեզուրի միջանցքի իր պահանջից չի հրաժարվել, ընդամենը համաձայնել է հետաձգել այդ հարցի լուծումը՝ շաղկապելով այն ճանապարհների բացման հետ», - պնդում է Ադրբեջանի նախագահականին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը: - «Ադրբեջանն այս հարցում կառուցողականություն է ցուցաբերում. այս տեսակի խաղաղության համաձայնագրի բարդության պատճառով այն թողնվում է ապագային, և Ադրբեջանը շարունակում է պահպանել ընդհանուր տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացումը որպես հիմնական պայման»։

Մոսկվան, մինչդեռ, Երևանի ու Բաքվի հետ զրույցներում պարբերաբար ընդգծում է, թե պատրաստ է նաև այս հարցում աջակցել կողմերին։

Փաշինյանի հետ հինգ օր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո Պուտինն այսօր այդ առաջարկը նաև Ալիևի հետ զրույցում է ընդգծել։ Եվ դա այն դեպքում, երբ օրեր առաջ Երևանը հրապարակավ կասկածի տակ էր դրել Մոսկվայի կառուցողական ներգրավվածությունը հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացում:

«Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն իսկ լայն ճանաչում ունի միջազգային հանրության շրջանում, այն մի քանի անգամ ներկայացվել է նաև ՌԴ ներկայացուցիչներին», - հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարությունը, չհստակեցնելով՝ ինչպես է Մոսկվան այդ առաջարկին արձագանքել։

Հստակ է, որ ո՛չ Բաքուն, ո՛չ Անկարան առայժմ չեն ընդունել նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանի բոլոր ճանապարհների ապաշրջափակում՝ ինքնիշխանության ու հավասարության սկզբունքով։

Փակ դռների ետևում շարունակվող բանակցությունների ֆոնին հաղորդվեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել, ընդ որում՝ Հայաստանի կառավարությունն այս մասին հաղորդագրությունը տարածելիս հարկ էր համարել ընդգծել, որ Պուտինի ու Փաշինյանի օրակարգում կլինեն Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG