«Փաշինյանն ասաց՝ հիմա ԱԱԾ -ին կասեմ, որ չբողոքարկի»
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը «Ազատությանը» մանրամասներ է պատմել, թե ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի միջնորդությամբ հանգուցալուծվեց Հայաստան իր մուտքի արգելքի հարցը։
Փափազյանը, որ նաև Դաշնակցության Բյուրոյի անդամ է, 2022-ի հուլիսին չկարողացավ մուտք գործել Հայաստան։ Ազգային անվտանգության ծառայությունն այն ժամանակ հրաժարվել էր ասել, թե որոնք են արգելքի պատճառները՝ բավարարվելով երկու բառով՝ Փափազյանն «անցանկալի անձ» է, և նրան ետ էր ուղարկել Ֆրանսիա։
Երկու տարի անց՝ 2024-ի փետրվարին, Մուրադ Փափազյանը Փարիզ ժամանած Փաշինյանին Մակրոնի ներկայությամբ հարց տալու հնարավորություն է ունեցել՝ ինչո՞ւ է արգելվում իր մուտքը Հայաստան։ Փաշինյանն այդ ժամանակ Փարիզում մասնակցում էր Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի աճյունի վերահուղարկավորության արարողությանը։
«Նախագահ Մակրոնը ընթրիք կազմակերպեց Ելիսեյան պալատում և ինձ ասաց, որ ընթրիքից հետո պրոբլեմները, որ ունես, ներկայացրու վարչապետին՝ Փաշինյանին: Ասացի՝ շատ լավ, և տեղի ունեցավ այդ հանդիպումը, թարգմանիչ կար, ամեն ինչ թարգմանում էր: Եվ հարցրի՝ «պարոն վարչապե՛տ, կարո՞ղ եք ինձ ասել՝ ինչո՞ւ արգելեցիք մուտքս Հայաստան»: Պատասխանեց՝ «արգելեցի մուտքդ Հայաստան»: Նախագահ Մակրոնը կա, և թարգմանությունը կա», - պնդեց Մուրադ Փափազյանը, շարունակելով, - «Արգելեցի մուտքդ Հայաստան, որովհետև դու կազմակերպեցիր իմ դեմ ցույց Փարիզում 2021 թվականի հունիսի 1-ին»։ Ասացի՝ «ոչ, ես չեմ կազմակերպել»։
Մուրադ Փափազյանի խոսքով՝ թեև ինքը պնդել է, որ Փարիզում որևէ ցույց չի կազմակերպել Փաշինյանի դեմ, բայց միաժամանակ ընդգծել է՝ ժողովրդավար երկրներում նորմալ է, որ մարդիկ ցույցեր են կազմակերպում, ինքը Ֆրանսիայում նման իրավունք ունի, և դրա համար մարդկանց չեն պատժում։ Հիշեցրել է՝ 2018-ի հեղափոխության ժամանակ Փաշինյանն ինքն էր ցույցեր կազմակերպում, փողոցներ փակում, Հանրային ռադիո մտնում։ Հետևաբար, նրա խոսքով, Փաշինյանի այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանը ժողովրդավար երկիր չէ։
«Ֆրանսիայի նախագահի առջև Հայաստանի վարչապետն ընդունում է, որ ինքն է որոշել, և ինքն է որոշել, որովհետև ես ցույց եմ կազմակերպել։ Ֆրանսիայի նախագահի առջև ինքն ասում է, որ ես եմ արդարադատությունը, որովհետև ես կորոշեմ, որ Մուրադ Փափազյանը պետք է արգելվի»:
Ի դեպ, մինչև Մակրոնի միջնորդությամբ Փաշինյանի հետ զրուցելու հնարավորությունը Մուրադ Փափազյանը դատական հայց էր ներկայացրել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության դեմ, որպեսզի բեկանվի Հայաստան իր մուտքի արգելքի որոշումը։ Պնդում է՝ 16 ամիս տևած դատական նիստերի ընթացքում ԱԱԾ-ն դատարանում այդպես էլ որևէ պատճառաբանություն չի ներկայացրել, թե ինչու է արգելվում իր մուտքը Հայաստան։ Հենց այդ հիմքով էլ, ըստ դաշնակցական գործչի, 2024 թվականի հունվարին դատարանը բեկանել է ԱԱԾ որոշումը։ Եվ մինչև ԱԱԾ-ն այն ժամանակ կորոշեր բողոքարկել վճիռը, վրա է հասել Մակրոնի միջնորդությունը, վստահեցնում է Փափազյանը:
«Մակրոնը նրան ասաց՝ հիմա, որ Մուրադը շահեց դատը, մի՛ բողոքարկի։ Փաշինյանը ձգեց խոսակցությունը, երևում էր՝ նեղված էր։ Մակրոնն ինձ ասաց՝ մնա այստեղ, ես կգնամ, կխոսեմ հետը։ Վերադարձավ ու ասաց՝ Փաշինյանն ասացի, որ չբողոքարկի, որովհետև չահեցիր դատը: Հետո Փաշինյանը կանգնեց դիմացս, ասաց՝ «շահեցի՞ր դատը», ասացի՝ «հա, պարո՛ն վարչապետ, բայց դեռ 24 ժամ ունեք բողոքարկելու համար»: Ասաց՝ «չպետք է բողոքարկեմ, հիմա կկապվեմ ԱԱԾ-ի հետ, կասեմ, որ չբողոքարկեն», - պնդեց նա։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը նշում է, թե չէր կարողանում հավատալ, որ Հայաստանի վարչապետի ցուցումով կարող են իրեն արգելել Հայաստան գալ, այն էլ իբրև թե Ֆրանսիայում ցույց կազմակերպելու պատճառաբանությամբ։ Համոզված է՝ եթե չլիներ Մակրոնի միջնորդությունը, ԱԱԾ-ն կբողոքարկեր վճիռը։ Մուրադ Փափազյանի խոսքով՝ Հայաստան մուտքի արգելք ունեցող իր այլ կուսակիցների հայցերով վճիռները ԱԱԾ-ն բողոքարկել է։
«Ես գիտեի, որ Թուրքիայում և Ադրբեջանում persona non grata եմ՝ արգելված է ինձ գնալ, ուղղակի կբանտարկեն, բայց երբեք չէի կարող երևակայել, որ Հայաստանի մեջ ռեժիմը կարող է այս քայլին գնալ», - նշեց նա:
ԱԱԾ-ի դեմ Փափազյանի հայցին Դատալեքս համակարգում հնարավոր չէ ծանոթանալ՝ անձնական տվյալների պաշտպանության օրենքի հիմնավորմամբ այն փակ է։
Արդյոք վարչապետ Փաշինյա՞նն է հրահանգել ԱԱԾ-ին չբողոքարկել դատարանի որոշումը, «Ազատություն»-ը պարզաբանման համար դիմել է վարչապետի աշխատակազմին։ Պատասխան առայժմ չունենք, լինելու դեպքում կհրապարակենք։