Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա ԱԳՆ-ի մոտ` ՀՅԴ անդամների մուտքը Հայաստան արգելելու պատճառով


Արտգործնախարարության առջև այսօր կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում մի խումբ սփյուռքահայ երիտասարդներ և Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորներ հայտարարեցին, որ դաշնակցականներին արգելելով Հայաստան մուտք գործել՝ գործող իշխանությունները սեպ են խրում սփյուռքի և հայրենիքի միջև:

«Ազգային անվտանգության ծառայությունը, որն ի բնե պետք է միտված լիներ ծառայելու և պաշտպանելու հայրենիքի շահը և սպասարկելու հայ ժողովրդի անվտանգային շահերը՝ հիմա հայ մարդկանց անուններով ցուցակներ է կազմում և հայ մարդկանց մուտքը իրենց հայրենիք արգելում է», - հայտարարեցին նրանք:

Օրերս Ազգային անվտանգության ծառայությունն արգելել էր Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանի և նրա դստեր՝ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան: «Ազատության» հարցմանը, թե ի՞նչ հիմքով են արգելել նրանց մուտքը երկիր, ԱԱԾ-ից այսօր էլ չպատասխանեցին՝ նշելով, որ ավելի ուշ կարձագանքեն։

Այս օրերին սփյուռքի դաշնակցական երիտասարդները Հայաստանում ճամբարների են մասնակցում:

Ամերիկահայ Հովիկ Օհանյանը, որ ճամբարներ է կազմակերպում Հայաստանի և Արցախի երեխաների համար, «Ազատությանը» փոխանցեց, որ նիդերլանդաբնակ Սյունե Աբրահամյանը նույնպես պետք է իրենց միանար, եթե չարգելեին նրա մուտքը Հայաստան:

«Սա մեր վրա հարձակում է, որ մենք չենք կարող որպես սփյուռքահայ, որ ՀՅԴ-ի մեջ ենք, չենք կարող Հայաստան գալ: Դա է մեր այսօր այստեղ հավաքվելու պատճառը, որովհետև այդ աղջիկը՝ Սյունեն, որ չեկավ, մեզ նման նույն բանը պետք է աներ՝ ճամբարներ պետք է կազմակերպեր փոքրների համար Հայաստանում, ՀՅԴ-ի անունից, ինչը մենք անում ենք արդեն վեց շաբաթ: Նույնը բանը մեզ հետ կարող էր մեզ հետ տեղի ունենալ, եթե մենք մեկ շաբաթ ուշ գայինք, կարող էին մեզ չթույլատրել մուտք գործել Հայաստան», - ասաց Հովիկ Օհանյանը:

«Այսօր եկել ենք մեր հարցումները հարցնելու ԱԳՆ ներկայիս ժամանակավոր պետության, որ ինչո՞ւ են այս քայլերը վերսկսել, որ մեր հայրենակիցների՝ Հայ դատի պաշտպան եղբայրների, քույրերի, որը հայանպաստ քայլեր են անում, Հայաստանի և Սփյուռքի մեջ հեռավորությունը միշտ ավելի քչացնելու և այդ կամուրջը ավելի ամրացնելու, ինչո՞ւ են իրենց արգելափակում, սահմանափակում, խոչընդոտում Հայաստան մտնել: Պետք է պահանջենք իրենցից, որ մեզ հստակ պատասխաններ տան», - շեշտեց ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգից, ՀՅԴ երիտասարդական ճամբարի ընդհանուր վարիչ Դարոն Ասատուրյանը:

Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբի ատենապես Մասիս Աբրահամյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ կասկած չունի՝ քաղաքական պատճառներով է իր և աղջկա մուտքն արգելվել: Նա կարծում է՝ պատճառը մայիսին Նիդերլանդներ վարչապետի Փաշինյանի այցի ժամանակ իրենց կազմակերպած բողոքի ակցիան է։

Հուլիսին էլ սահմանապահները արգելել էին ֆրանսահայ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին մուտք գործել Հայաստան։ Մեկշաբաթյա լռությունից հետո կառավարությունից պարզաբանել էին, որ ֆրանսահայ գործչի մուտքն արգելվել է, քանի որ նա կազմակերպել էր Փարիզում վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության ավտոշարասյան դեմ հարձակումը: Ինքը՝ Մուրադ Փափազյանը, հերքել էր այս մեղադրանքը: Արդյոք Ֆրանիսայում Փափազյանը հետապնդման է ենթարկվում այդ հարձակման համար` հայտնի չէ։

XS
SM
MD
LG