Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը հայտարարում է, որ նոր ապացույցներ է ձեռք բերել Ռուսաստանի կողմից ուկրաինացիների խոշտանգումների վերաբերյալ


ՄԱԿ-ի անկախ միջազգային հանձնաժողովն ուկրաինական օկուպացված տարածքներում և ուկրաինացի խաղաղ բնակիչների ու ռազմագերիների նկատմամբ ռուսական խոշտանգումների վերաբերյալ նոր ապացույցներ է ձեռք բերել:

«Մենք սեռական բռնությունների վերաբերյալ ապացույցներ ենք հավաքել, որը կիրառվել է որպես խոշտանգում, հիմնականում կալանավայրերում գտնվող ուկրաինացիների նկատմամբ, ինչպես նաև բռնաբարությունների դեպքեր՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող գյուղերում կանանց նկատմամբ», - Մարդու իրավունքների խորհրդի 57-րդ նիստում հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Էրիկ Մյոսեն։

Նրա խոսքով՝ խոշտանգումները համատարած են և համակարգված բնույթ են կրում։

Ընդգծելով խոշտանգումների աշխարհագրական լայն շրջանակը և տարածումը՝ Մյոսեն նկատել է՝ խոշտանգումները կարծես սովորական են համարվում և դրանք կիրառողները չեն վախենում իրենց գործողությունների համար պատժից։

2024 թվականի մարտին Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովը զեկույց էր հրապարակել՝ նշելով 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում առնվազն 32 ուկրաինացի ռազմագերիների արտադատական մահապատիժների մասին։

Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելության ղեկավար Դանիել Բելն իր հերթին ասել է, որ ուկրաինացի ռազմագերիների ավելի քան 95 տոկոսը Ռուսաստանում խոշտանգումների է ենթարկվում։

Մոսկվան հերքում է ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG