91 տարեկանում մահացել է համաշխարհային նորաձևության առանցքային և ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ իտալացի դիզայներ Ջորջո Արմանին։
Վերջին շրջանում տեղեկություններ էին շրջանառվում Արմանիի առողջական վիճակի վատթարացման մասին, այս տարվա հունիսին նա առաջին անգամ չէր մասնակցել Միլանի նորաձևության շաբաթին։
Արմանիի նորաձևության տունը ստեղծվել էր 1975 թվականին։ Այդ նպատակով Ջորջո Արմանին և նրա գործընկեր Սերջո Գալեոտին 10 հազար դոլարով վաճառել էին իրենց պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան։
Վերջին տասնամյակներին նորաձևությունից բացի Արմանին զբաղվում էր նաև հյուրանոցային և ռեստորանային բիզնեսով։
Նրա ստեղծած ռեստորանային ցանցում երկու տասնյակ հաստատություններ կան, բացի այդ, Արմանին երկու հյուրանոց է պատկանում՝ մեկը Դուբայում, մյուսը՝ Միլանում։ Տնտեսագետների գնահատմամբ` այս պահին Արմանիի բիզնես կայսրության ընդհանուր կապիտալիզացիան գերազանցում է 10 միլիարդ ամերիկյան դոլարը։