Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։
Ըստ ԱԽ գրասենյակի՝ նրանք անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումներին:
ԱԽ քարտուղարը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը:
Հայտնի չէ, թե արդյոք ամերիկացի գործիչը պատրաստվում է Երևանից մեկնել նաև Բաքու։ Նա Ադրբեջան էր այցելել հունիսի սկզբին, վերահաստատել՝ Վաշինգտոնը պատրաստակամ է աջակցելու բանակցություններին և նպաստելու խաղաղության գործընթացին։
Երևանն ու Բաքուն տևական ժամանակ է՝ բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ։ Առաջարկների 10-րդ փաթեթը ստանալու մասին Երևանը մեկ ամիս առաջ հայտարարեց, բայց պատասխանել են, թե՝ ոչ, Արտգործնախարաությունը չի հաղորդում։ Դրան հաջորդեցին Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան բանակցությունները, որից հետո հայտարարվեց պայմանագրի կնքման ուղղությամբ առաջնթացի մասին։
Այդ ընթացքում Ադրբեջանի նախագահ Ալիևը սպառնում է, չի հրաժարվում Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու պահանջից, նաև նորերն է ավելացնում՝ ակնկալելով ղարաբաղյան կարգավորմամբ զբաղված Մինսկի խումբը լուծարելու համար Երևանի համաձայնությունը, որ համատեղ դիմում ներկայացնեն ԵԱՀԿ։ Երևանից Սահմանադրության փոխելու պահանջին բազմիցս արձագանքել են՝ ասելով, որ դա երկրի ներքին գործն է։