Մատչելիության հղումներ

Իոաննիսյան. 600 հազար մարդ չի գնա Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխելու


Մինչև այս պահը Սահմանադրական բարեփոխումների խորհրդում որևիցե քննարկում չի եղել՝ կապված Սահմանադրության նախաբանի հետ, առաջիկայում էլ նման քննարկում նախատեսված չէ: «Ազատությանը» տված հարցազրույցում այդ մասին ասաց խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ նման ազդակներ ևս չի ստացել խորհրդի իշխանական անդամներից:

«Բոլորիս համար պարզ է, որ ընդամենը Ալիևին պետք էր ինչ-որ մի անիրականանալի պահանջ՝ խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար, կամ միգուցե իր ծպտյալ պահանջը, որը ինքը չի կարողանում հրապարակային ասել, բայց որ ինքը իրականում ուզում է՝ դա միջանցքն է, կա՛մ էդ միջանցքի պահանջը առաջ տալու համար, կա՛մ ուղղակի խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար իրեն ինչ-որ մի անիրականանալի պահանջ էր պետք՝ շատ լավ հասկանալով, որ դա անիրականանալի պահանջ է», - նշեց Իոաննիսյանը:

Նա ընդգծեց, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը չի կարող Սահմանադրությունը մի օրում կամ մի ամսում փոխել. - «Հայաստանում Սահմանադրություն փոխելու համար պետք է առնվազն 600 հազար մարդ գնա ընտրական տեղամաս և կողմ քվեարկի: Նույնիսկ եթե իշխանությունը ուզենա Ալիևի պահանջները կատարել, կարա՞, չի՛ կարա. 600 հազար մարդ չի գնա Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխելու»:

«[Անկախության] Հռչակագրի հղումը հաջող բան է թե հաջող բան չէ, կամ Սահմանադրության այդ կարգավորումները հաջող են կամ հաջող չեն, կարելի է քննարկել, բայց ոչ Ալիևի պահանջի կոնտեքստում», - ասաց Դանիել Իոաննիսյանը:

Պաշտոնական Բաքուն որպես Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախապայման պահանջում է փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը, որի նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին: Հռչակագրում Հայաստանի ու Արցախի միավորման մասին հիշատակում կա, որում Ադրբեջանը տարածքային պահանջ է տեսնում:

Հարցին՝ անձամբ ինքը խնդրահարույց համարո՞ւմ է Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունում, Իոաննիսյանն արձագանքեց. - «Ես համարում եմ, որ սա հարց է, որը երբեմն Ալիևը մեր դեմ օգտագործում է, կամ Ադրբեջանի իշխանությունները երբեմն դրսում մեր դեմ օգտագործում են, որ, օրինակ, տարբեր երկրներ, որոնցից Հայաստանը ուզում է զենք առնել, Ադրբեջանի դիվանագետները գնում ու ասում են՝ «գիտե՞ք, իրենց Սահմանադրության մեջ իրենք ասում են, որ իրենք պիտի գան մեզանից տարածքներ գրավեն, դուք հիմա իրենց որ զենք վաճառեք, վաղը էդ զենքը օգտագործվելու է նոր պատերազմ սկսելու համար»:

«Բայց սրա ուրիշ լուծումներ էլ կան՝ կարելի է Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրությունում թողնել այնտեղ, որտեղ որ ինքը կա, բայց Սահմանադրությունում այլ կարգավորումներով գրել, օրինակ, որ մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է հարևանների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է ձգտի խաղաղության: Այսինքն՝ կարելի է Սահմանադրության այլ կարգավորումներով հստակ ուղերձ հղել սահմանադրական մակարդակով, որ մենք ագրեսիվ պատերազմ սկսող երկիր չենք», - ասաց Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով. - «Էս հարցը ինձ չի թվում, որ առաջիկայում կգա խորհուրդ, որովհետև մեծ հաշվով բոլորիս համար պարզ է, որ այս հարցը Ադրբեջանը առաջ է բրդում մինչև նոյեմբեր՝ նախ՝ տեսնելով, թե Ամերիկայի ընտրությունները ինչով են ավարտվում, և երկրորդը՝ փորձելով, այսպես ասած, բարեհաջող անել COP29-ը»:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG