Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ կհյուրընկալի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, "Россия-1"-ի "Москва. Кремль. Путин" հաղորդման ժամանակ հայտարարել է հաղորդավար, լրագրող Պավել Զարուբինը։
Նա նշել է, որ սա կլինի Լուկաշենկոյի առաջին այցը Մոսկվա՝ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո։
Նշվում է, որ Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններ կունենան, կքննարկեն միջազգային իրավիճակին վերաբերող հարցեր։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Անցած շաբաթասկզբին Լուկաշենկոն հայտարարեց, որ Մինսկը պատրաստ է Թրամփ-Պուտին-Զելենսկի բանակցություններ կազմակերպել։
«Բելառուսի սահմանից մինչև Կիև 200 կիլոմետր է։ Ինքնաթիռով կես ժամ կլինի։ Արի՛։ Եկեք այստեղ, նստենք։ Եկեք համաձայնության գանք՝ հանգիստ, առանց աղմուկի, առանց բղավելու։ Ասեք Թրամփին. ես նրան սպասում եմ այստեղ՝ Պուտինի և Զելենսկու հետ միասին։ Եկեք՝ նստենք ու հանգիստ համաձայնության գանք։ Եթե ցանկանում եք համաձայնության գալ», - ասել էր Լուկաշենկոն։
Կրեմլից արձագանքել էին՝ Ռուսաստանի համար Բելառուսը լավագույն վայրը կլինի՝ բանակցությունների համար։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչներն Ուկրաինայի հարցով այս շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում։