Լոս Անջելեսի կենտրոնական հատվածում պարետային ժամ է սահմանվել, քաղաքային իշխանությունները հույս ունեն այս քայլով կառավարելի դարձնել անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու լայնածավալ ռեյդերի դեմ բողոքի ցույցերը, որ անցյալ օրերին վերածվել էին անկարգությունների։
Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը հայտարարել է, որ պարետային ժամ սահմանելը կնպաստի բնակիչների անվտանգությանն ապահովմանն ու վերջին օրերին տեղի ունեցած գիշերային բռնության, թալանի դեպքերի կանխմանը։
Միաժամանակ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, որ խստորեն դատապարտել է դաշնային իշխանությունների գործողությունները, մեղադրել է Թրամփի վարչակազմին լարվածությունը սրելու և զինվորականներին քաղաքացիական անձանց դեմ օգտագործելու մեջ, դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ՝ փորձելով կանխել դաշնային զորքերի տեղակայումը քաղաքում։
Սպիտակ տան ղեկավարը, հակադարձելով քննադատություններին պնդում է, որ իր որոշումներն ուղղված են օրենքն ու կարգը և երկրի անվտանգությունը պաշտպանելուն։
Անցած շաբաթ նախագահ Թրամփի հրամանով Լոս Անջելես են գործուղվել Ազգային գվարդիայի մոտ 4000 զինվորներ և հարյուրավոր ծովային հետևակներ՝ պաշտպանելու կառավարական շենքերն ու աջակցելու տեղական իրավապահ մարմիններին։
ԱՄՆ-ում ապօրինի ներգաղթյալներին հայտնաբերելուն ուղղված ուժայինների գործողությունների դեմ փողոց են դուրս եկել նաև այլ խոշոր քաղաքներում՝ Նյու Յորքում, Չիկագոյում, Ատլանտայում։