Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետը քննադատում է երեխաներին կրկես տանելու՝ «Տաշիր» հիմնադրամի նախաձեռնությունը


Երևանի կրկեսի տեղում «Տաշիր» ընկերության կառուցած «Տաշիր Արենան», 21-ը հոկտեմբերի, 2025թ.
Երևանի կրկեսի տեղում «Տաշիր» ընկերության կառուցած «Տաշիր Արենան», 21-ը հոկտեմբերի, 2025թ.

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը «Տաշիր» բարեգործական հիմնադրամին քննադատել է մարզի երեխաներին Երևան կրկես տանելու համար։ Նա հեգնել է, որ բանտարկյալ Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող կազմակերպությունը նախընտրական շրջանում է «հիշել» երեխաներին։
Մարզպետը խորհրդակցության ժամանակ իր ենթականերից պահանջել է ներկայացնել երեխաներին ցուցակագրողների տվյալները։

«Նախընտրական շրջան է, բոլորին պարզ է, ու բոլորը հիշել են, որ էս մարզում երեխեք կան, բոլորը հիշել են, որ էս մարզում բուժհիմնարկներ կան: Եթե որևէ ցուցակագրման դեպք իմանաք, էդ մարդկանց ցուցակագրեք ու տվեք ինձ՝ հատ-հատ: Որովհետև 20 տարի ժամանկ ունեին, էլի, էդ երեխեքին ցուցակագրելու, մանկապարտեզ-դպրոցները սարքելու, էդ դպրոցները տներ դառան, հիմի հիշել են վեց ամիս առաջ, որ պետք է էդ երեխեքին կրկես տանեն անվճար», - հայտարարել է Մկրտչյանը:

Մարզպետը խորհրդակցությունից առանձնացրել էր հենց այս հատվածն ու տեղադրել իր ֆեյսբուքյան էջում: Դրանից հետո հայտնի չեղավ՝ արդյոք իր ենթակաները ցուցակագրողների անունները ներկայացրեցի՞ն, թե՞ ոչ:

Մարզպետին «Ազատություն»-ը գրավոր հարցրել էր՝ ի՞նչ խնդիր է տեսել, որ կրկեսի սեփականատիրոջ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ցուցակագրում է երեխաներին, որ նորաբաց կրկես տանի՝ անվճար: Մարզպետը պատասխանել է, թե «մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում իրականացվում են միայն այնպիսի ծրագրեր և միջոցառումներ, որոնք երաշխավորված են կրթության նախարարության կողմից»: Հարցրել էինք նաև, թե երեխաներին ցուցակագրողներին ցուցակագրելու սպառնալիքի նմանվող պահանջը ի՞նչ էր նշանակում, և արդյո՞ք արգելված է երեխաներին կրկես տանել, եթե դա արվում է ոչ դասապրոցեսի հաշվին: Մարզպետն այս դեպքում կարճ է արտահայտվել, թե «հրապարակված տեսանյութը լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն չունի»:

Փոխարենը՝ «Մեր ձևով» շարժման ակտիվիստ Ալիկ Ալեքսանյանն է արձագանքել մարզի ղեկավարին: Նա էլ հեգնանքի ոճով հիշեցրել է, որ մարզպետ Մկրտչյանի մայրը Ալավերդիում մանկապարտեզի տնօրեն է, ու որ դեռ տարիներ առաջ «Տաշիր գրուպ»-ը բազմաթիվ բարեգործություններ է արել նաև նրա ղեկավարած մանկապարտեզի սաներին:

«Երբ դու փոքր էիր, և քո ընտանիքի մեծերից մեկը լոռվա մարզի մանկապարտեզներից մեկի տնօրենն էր, ինչպես միշտ, այդ մանկապարտեզի սաները «Տաշիր» բարեգործական ընկերություններից նվերներ են ստացել: Քեզ մի խորհուրդ տամ՝ ավելորդ մտահոգ արտահայտություններ անելուց առաջ ավելի լավ է մեծերի հետ մի հատ դու զրուցի», - հայտարարել է Ալեքսանյանը:

«Տաշիր» ընկերությունը 13 տարի իրեն պատկանող կրկեսի շենքը կառուցելուց հետո, այս տարի, երբ հիմնադիր Սամվել Կարապետյանն արդեն բանտում էր, բացեց այն: Երկու ամիս է՝ հայտարարություններ կան, որ կրկեսի առաջին շոուին մասնակից են դարձնում մարզերի երեխաներին:

«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը պնդում է՝ ոչ միայն Լոռուց, այլև մյուս մարզերից բազմաթիվ դպրոցահասակ երեխաների ծնողներ են դիմում իրենց: Այդ դիմումների հիման վրա են ցուցակներ կազմում և իրենց միջոցներով Երևան՝ կրկես հասցնում:

«Ծնողները իրենց ցանկությամբ դիմում են և խնդրում են, որպեսզի իրենք ևս մաս դառնան այս ծրագրին, և իրենց երեխան ևս հնարավորություն ունենա վայելելու այդ գունագեղ շոուն: Երբ այս իշխանությունները՝ ի դեմս վարչապետի, հայտարարում էին, թե մեր երեխաներին զրկել են կրկեսից, ես ուզում եմ ասել, որ մենք երեխաներին հրավիրում ենք կրկես, նրանց համար ապահովում ենք տոն», - «Ազատությանը» ասաց Ղահրամանյանը:

«Մեր ձևով» շարժումը հերքում է իշխանությունների պնդումները, թե ընտրություններից առաջ է ակտիվացել Սամվել Կարապետյանի թիմը: Հիշեցնում են, թե բարեգործական հիմունքներով մանկապարտեզներ ու բժշկական կենտրոններ են կառուցել տարբեր քաղաքներում: Դրանք մեծահարուստ Կարապետյանի մոր՝ Ամալյա Կարապետյանի անունով են կոչվում:

Սոցիալական հարթակներում վերջին օրերին վանաձորցիներն անհանգստություններ էին արտահայտել, թե մարզպետարանից նաև ամանորյա միջոցառումներն արգելելու փորձեր են արվել, դրանց մասին նախապես մարզպետարանին տեղյակ պահելու պահանջ է դրվել: Պարզ չէ՝ արդյոք սա նաև լոռեցի երեխաներին կրկես տանելու նախաձեռնությանն է վերաբերում:

Վանաձորցիներից մեկն անանուն գրառում էր արել, թե ծնողները զայրացած ու անհանգստացած են. - «Ճիշտն ասած, արդեն չեմ հասկանում՝ ինչն է պարտադիր, ինչն է պարզապես տեղեկացնելու կարգ: Մենք ծնողներով սովորական, փոքրիկ ամանորյա տոնական հանդիպում ենք ուզում անել՝ մի քիչ երգ, մի քիչ ժպիտ, փոքրիկ նվեր…: Իսկ հիմա այնպես է ստացվում, որ ամեն քայլի համար պիտի մտածենք՝ ո՞ւմ տեղյակ պահենք, ի՞նչ ձևով նշել: Անգամ ծնողներից մեկը կատակում էր՝ էսպես որ գնա, մի օր էլ կարող են ասել՝ երեխային բերեք տեսնենք, նոր: Բայց այդ հումորի մեջ էլ իրականում մի քիչ անհանգստություն կար»:

Մարզպետ Արեն Մկրտչյանն «Ազատության» հարցմանն ի պատասխան հերքել է սա ու նշել, թե կրթադաստիարակչական կամ տոնական միջոցառում չեն արգելել: Միայն ևս մեկ անգամ հանձնարարել են «զերծ մնալ ավելորդ դրամահավաքներից»:

XS
SM
MD
LG