Մատչելիության հղումներ

«Լելե Թեփե» -ի գործը՝ դատարանում. պաշտպաններից մեղադրանքն անհիմն են համարում


Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ 4 տարի առաջ խորհրդարանի ամբոնից հայտարարում էր, թե «Լելե Թեփե» օպերացիա չի եղել՝ պնդելով, թե դա ընդդիմության մտացածին հնարքն է, 44-օրյա պատերազմի նույն դրվագին առնչվող գործը այժմ ոչ միայն քննվում է, այլև մեղադրական եզրակացությամբ դատարան է հասել: Առանցքային մեղադրյալն էր ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի որդին է` գնդապետ Արթուր Օհանյանը: Դատավարությունը կսկսվի հաջորդ ամիս:

Մինչ այդ 44-օրյա պատերազմի այս դրվագի վերաբերյալ մեղադրանքին առաջին անգամ պաշտպանական կողմն է անդրադարձել՝ այն անհիմն որակելով:

Գործը դատարան ուղարկելու մասին դատախազությունը հաղորդեց մի քանի օր առաջ՝ օգտագործելով նույն «Լելե Թեփե» օպերացիա արտահայտությունը: Ըստ մեղադրող կողմի՝ գնդապետ Արթուր Օհանյանը, 44-օրյա պատերազմի ընթացքում լինելով Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարը, ձախողել է «Լելե Թեփե» օպերացիան, անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների:

Ըստ իրավապահների՝ ստանալով հարձակման անցնելու ու ճեղքված բնագիծը վերականգնելու հանձնարարությունը, նա հակահարձակման ժամանակ չի պահպանել զինծառայության կարգը:

Օհանյանից զատ, գործով մեղադրվում են այլ երկու զինվորականներ՝ Գեղամ Աբրահամյանն ու Գառնիկ Մնացականյանը, նրանք պատերազմի ժամանակ գումարտակներ են ղեկավարել: Ըստ դատախազության՝ երկու զինվորականներն էլ հրաժարվել են զինվորական առանձին պարտականությունների կատարումից:

Իրավապահների հայտարարությանը հենց Գեղամ Աբրահամյանի փաստաբանն է արձագանքել, ըստ նրա՝ մեղադրանքն իրականության հետ առնչություն չունի:

«Ինչպես զորամասը, այնպես էլ դրա ողջ անձնակազմը երբեք չի հրաժարվել որևէ հրաման կատարելուց, ընդհակառակը՝ մարտի մեջ մտնելուց ընդամենը մեկ ժամ առաջ տրված մարտական կարգադրության պահանջներն առկա հնարավորության պայմաններում զորամասն իր ունեցած ուժերի չափով կատարել է, իսկ զորամասի անձնակազմի կողմից դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում հոկտեմբերի 7-ին հնարավոր է եղել խուսափել բազմաթիվ զոհերից»,- նշել է նա:

Մեղադրանքն անհիմն համարող փաստաբան Մհեր Հակոբյանը հարցազրույց տալ չցանկացավ:


Գործով առանցքային մեղադրյալի հայրը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն, օրերս «Ազատության» հետ զրույցում առանց փակագծեր բացելու պնդել էր, թե իր որդին չի ղեկավարել այդ օպերացիան, և որ սա արվում է նաև իրեն ճնշելու համար:

«Իմ որդին մասնակցել է այդ գործողություններին, որի ղեկավարումը ինքը չէ իրականացրել, ինքը պարզապես մասնակցել է այդ հակահարվածին, ղեկավարումն իրականացնում է, կարծեմ, Պաշտպանության բանակի հրամանատարը», - նշել է նա:

44-օրյա պատերազմի այդ փուլում Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը Ջալալ Հարությունյանն էր: Նա, սակայն, մոտ մեկուկես տարի առաջ Լելե Թեփե բարձունքը հետ գրավելու փորձի դրվագով արդարացվել էր, դատարանը վճռել էր՝ Հարությունյանը չէ, որ տանուլ է տվել օպերացիան։


Վարչապետ Փաշինյանի 2021-ի խորհրդարանական ելույթներն ինքնին հակասական էին: Մեկ այլ առիթով էլ թեմային անդրադառնալով՝ նա չէր հերքել՝ մարտական գործողության քննարկումներին մասնակցել է, բայցև պնդել էր, թե Հադրութի շրջանում գտնվող Լելե Թեփե բարձունքը հետ վերցնելու նախաձեռնության հեղինակն ինքը չէ:

Լելե Թեփե բարձունքը 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ էր:

Այն ժամանակ Փաշինյանն, ըստ էության, մեղադրանքի սլաքները դեպի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն էր ուղղել: Ջալալ Հարությունյանը 44-օրյա պատերազմից հետո առայժմ անարձագանք է թողնում պարտության հարցում զինվորականներին ուղղված իշխանականների տարատեսակ մեղադրանքները: Նա պատերազմին առնչվող մեկ այլ դրվագով մեղավոր է ճանաչվել և այժմ վճիռը բողոքարկում է վերաքննիչ դատարանում:

«Լելե Թեփե» օպերացիայի գործով երեք մեղադրյալների խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը: Երեքին էլ 5-10 տարի ազատազրկում է սպառնում:


XS
SM
MD
LG