Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի քան 1000 ֆուտբոլիստների ժամանակավորապես արգելել է դաշտ դուրս գալ՝ անօրինական խաղադրույքներ կատարելու կասկածների պատճառով։ Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նույն կասկածանքով հեռացվել են նաև 152 մրցավարներ, նրանցից 18-ը ձերբակալվել է։ Կալանավորված մրցավարներից մեկը վերջին մի քանի տարիներին 18 հազար խաղադրույք էր կատարել։
Թուրք իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել ինչպես բարձրագույն լիգայի առաջատար թիմերը, այնպես էլ երկրորդ և երրորդ դիվիզիոնների ակումբները։ Երկրորդ դիվիզիոնում հեռացվել է 282, երրորդում՝ 629 խաղացող։
Ֆուտբոլիստների պակասի պատճառով Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված է եղել անորոշ ժամանակով դադարեցնել ստորին լիգաների առաջնությունները։